Աղբիւր՝ www.armenianradio.am

 

Հայաստանում Իրանի իսլամական հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէյիսին շնորհաւորական ուղերձ է յղել Հ.Հ.-ի նախագահին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու հայ ժողովրդին Ամանորի տօների առիթով: «Արմէնպրես»-ին դեսպանութիւնից տրամադրուած շնորհաւորական ուղերձում նշւում է.

«Հ.Հ.-ի մեծարգոյ նախագահ պարոն Սերժ Սարգսեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայաստանի ազնիւ ժողովուրդ, որպէս Ի.Ի.Հ.-ի դեսպան՝ Հայաստանի հարեւան եւ բարեկամ երկրի եւ մի ժողովրդի ներկայացուցիչ, որը դարերի ընթացքում հայ ժողովրդի հետ ունեցել է երկկողմանի ու դրական յարաբերութիւններ, ցանկանում եմ Իրանի կառավարութեան եւ ժողովրդի անունից շնորհաւորել Ձեզ Նոր Տարուայ եւ Յիսուս Քրիստոսի երջանկաբեր սուրբ Ծննդեան կապակցութեամբ:

Իրանցիների եւ հայերի պատմա-մշակութային ու հոգեւոր ընդհանրութիւնները եւ վաղեմի խաղաղ համակեցութիւնը աշխարհին եւ տարածաշրջանին աւետում են երկու ժողովուրդների խաղաղասէր եւ խաղաղատենչ նպատակները:

Ուրախ եմ երկու ժողովուրդների եւ կառավարութիւնների բարիդրացիական եւ խորը յարաբերութիւնների համար եւ համոզուած եմ, որ երկու երկրներն էլ ունեն ուժեղ կամք երկկողմ փոխ-շահաւէտ յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ: Վերջին ամիսներին բարձրաստիճան պաշտօնեաների հանդիպման ընթացքում յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ մշակուեցին լաւ ծրագրեր: Առիթից օգտուելով ցանկանում եմ յայտնել, որ Իրան-Հայաստան սահմանում բացուել է Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցչութիւն: Այս ներկայացուցչութիւնը կը գործի յաջորդ տարուայ սկզբից եւ Իրան այցելել ցանկացող հայերին կը տրամադրի մուտքի արտօնագրեր:

Կրկին շնորհաւորում եմ Ձեզ եւ համայն հայութեանը, յատկապէս մեր հայ հայրենակիցներին Նոր Տարուայ եւ խաղաղութեան ու բարեկամութեան մարգարէ Յիսուս Քրիստոսի սուրբ Ծննդեան կապակցութեամբ եւ ցանկանում երջանկութիւն եւ բարօրութիւն»: