Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Արցախում ծնունդների թիւն աճել է, մահուան դէպքերը՝ պակասել: Բացի դրանից, եկողները մեկնողներից աւելի շատ են:
2008 թուականի հանրայայտ «Մեծ հարսանիքից» յետոյ Լեռնային Ղարաբաղում կրկին ամուսնութիւնների թուի աննախադէպ աճ է արձանագրուել: Քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման Ստեփանակերտի տարածքային բաժնի պետն արձանագրում է՝ յունուար-յունիսին 507 ամուսնութիւն է գրանցուել, նախորդ տարուայ 307-ի դիմաց: Աճի այդ միտումն ընդհանուր է ողջ Արցախի համար: Այս տարուայ յունուար-հոկտեմբերին գրանցուած ամուսնութիւնների թիւը 2013 թուականի յունուար-հոկտեմբերի համեմատ աճել է աւելի քան 60 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայութիւնում արդէն ամփոփել են ժողովրդագրական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները՝ ընթացիկ տարուայ յունուար-հոկտեմբեր ամիսների հաշուարկով:
2014 թուականի յունաուար-հոկտեմբերին հանրապետութիւնում արձանագրուել է 2103 ծնունդ եւ 1104 մահ: Բնական հաւելաճը դրական է: Կազմում է 999 մարդ: Ընդ որում, նախորդ տարուայ համեմատ ծնունդներն աւելացել, իսկ մահուան դէպքերը նուազել են: Հանրապետութիւնից մեկնողների եւ հանրապետութիւն ժամանողների մասին տուեալները վիճակագիրները ոստիկանութիւնից են ստանում: Եկողների թիւն` աճել, մեկնողների թիւը նուազել է: Այն, ինչն անփոփոխ է, արցախցիների նախասիրութիւնն է նորածիններին տրուող անունների հարցում: Լաւագոյն տասնեակում էական փոփոխութիւններ չկան: 2014 թուականին ծնուած տղաներին ամենաշատն անուանակոչել են Դաւիթ, Տիգրան, Նարեկ եւ Գոռ, իսկ աղջիկներին՝ Անի, Մանէ, Նարէ եւ Մարիամ: