Աղբիւր՝ www.asbarez.com

 

Արցախի Ազգային ժողովի մամլոյ ծառայութիւնը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Վաշինգթոն գտնուող Լ.Ղ.Հ.-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը դեկտեմբերի 2-ին Միացեալ նահանգների Քոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել քոնգրեսականներ Լինդա Սանչեզի, Էդըմ Շիֆի, Դէյւիդ Սիսիլինի եւ Ներկայացուցիչների տան Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան խորհրդարանի նախագահը շնորհակալութիւն է յայտնել քոնգրեսականներին՝ Արցախին վերաբերող հարցերն ուշադրութեան կենտրոն պահելնու համար, ինչպէս նաեւ ներկայացրել է Արցախի եւ տարածաշրջանի վերջին զարգացումները:

Աշոտ Ղուլեանը բարձր է գնահատել Քոնգրեսի անդամների անաչառ եւ համարձակ դիրքորոշումը՝ Արցախի հակամարտութեան կարգաւորման հարցի մէջ, մասնաւորապէս՝ յուլիս-օգոստոս ամիսներին եւ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմի կազմակերպած սադրանքների արագ արձագանգումը եւ դատապարտումը: Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Միացեալ նահանգների եւ Արցախի միջեւ յարաբերութիւնների ընդարձակման հեռանկարներին, կարեւոր են համարել քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, ինչպէս նաեւ քննարկել են ընկերային ծրագրերի իրականացման կարելիութիւնները:

Նոյն օրը, Քոնգրեսի շէնքում տեղի է ունեցել Լ.Ղ.Հ.-ի անկախութեան 23-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումը: Հանդիսաւոր երեկոն կազմակերպել էին Քոնգրեսի Հայկական հարցերի յանձնախումբը, Հայաստանի հանրապետութեան դեսպանատունը, Միացեալ նահանգների մօտ Արցախի հանրապետութեան մշտական ներկայացուցչութիւնը, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք քոնգրեսականներ, որոնք իրենց ելոյթներում շնորհաւորած են Արցախի ժողովրդին եւ միջոցառման մասնակիցներին, անդրադարձել են պետականաշինութեան եւ ժողովրդավարականացման ընթացակարգերին եւ անկախ պետականութեան կառուցման գործում Արցախի այլ ձեռքբերումներին: Նրանք շեշտել են նաեւ Արցախի հանրապետութեան միջազգային ճանաչում ապահովելու անհրաժեշտութիւնը:

Միջոցառմանը ելոյթ են ունեցել նաեւ Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսեանը եւ Լ.Ղ.Հ.-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը: Երեկոյին մասնակցել են Վաշինգթոնի եւ մերձակայ նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները:

Լ.Ղ.Հ.-ի անկախութեան հերթական տարեդարձին նուիրուած միջոցառման գլխաւոր բանախօսն եղել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը: Իր ելոյթի մէջ, Ղուլեանը մասնաւորապէս ընդգծել է, որ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան ու կայունութեան հաստատման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան փաստացի անկախութեան միջազգային ճանաչումն է՝ միաժամանակ շեշտելով Արցախի անվտանգութիւնը միջազգային երաշխիքներով ապահովելու կարեւորութիւնը: Խորհրդարանի նախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ժողովուրդը լաւ գիտի ազատութեան եւ այն պաշտպանելու գինը, որովհետեւ արցախցին ստիպուած է պայքարելու ամէն օր:

Հանդիպումների եւ միջոցառումների ընթացքում, Լ.Ղ.Հ.-ի Ա.Ժ.-ի նախագահին ուղեկցել է Ռոբերտ Աւետիսեանը եւ Լ.Ղ.Հ.-ի Արտաքին գործոց նախարարութեան միջազգային կառոյցների եւ մարդասիրական համագործակցութեան վարչութեան պետ Արմինէ Ալեքսանեանը: