Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Նոյեմբերի 29-ին Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին մեծ շուքով տօնախմբեց Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների տօնը:

Հայոց աշխարհի առաջին Լուսաւորիչների տօնի առիթով Մայր տաճարում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների եւ արխիւի տնօրէն արժն. Տ. Ասողիկ քահանայ Կարապետեանը:

Ս. Պատարագի ընթացքում Հայրապետական հանդիսաւոր թափօրով Մայր տաճար բերուեց աստուածամուխ սուրբ Գեղարդը եւ Մայր աթոռ ժամանած ուխտաւորներին հնարաւորութիւն ընձեռուեց համբուրելու հրաշագործ սուրբ Գեղարդը եւ ստանալու նրանից բաշխուող օրհնութիւնը:

Այս կապակցութեամբ Մայր աթոռի Ք.Դ.Կ.-ի կենտրոնի տնօրէն գերշ. Տ. Վարդան եպս. Նաւասարդեանն ընթերցեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական սրբատառ կոնդակը, որով Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների տօնը հռչակուեց «Սուրբ Գեղարդի ուխտի օր»: Այսուհետեւ, ամէն տարի նշեալ տօնին, ուխտաւորների երկրպագութեան համար Մայր տաճար կը բերուի սուրբ Գեղարդը:

Պատարագի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն աստուածամուխ սուրբ Գեղարդով եւ «Պահպանիչ» աղօթքով օրհնեց ներկայ բարեպաշտ ժողովրդին:

 

Ստորեւ ներկայացւում է Հայրապետական կոնդակն ամբողջութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԷԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԷԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ Կ'ԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԷԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԷԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԷԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԷԱԼ ԺՈՂՈՎՐԴԷԱՆ ՀԱՅՈՑ
 

Համայն հայութէան հոգեւոր կենտրոն Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հայրապետական սէր եւ օրհնութիւն ենք բերում առաքելահաստատ մեր սուրբ եկեղեցու աշխարհասփիւռ զաւակներին:

Մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութիւնից եւ Համբարձումից յետոյ, սուրբ Թադէոս եւ սուրբ Բարդուղիմէոս առաքէալները հայոց աշխարհում տարածեցին Աւետարանի կենարար լոյսը, եւ Ամենակալ Տէրը նրանց ձեռամբ հիմնադրեց Հայաստանէայց առաքելական սուրբ եկեղեցին: Տիրոջ շնորհազարդ առաքէալներն իրենց հետ Հայաստան բերեցին նուիրական սրբութիւններ. սուրբ Թադէոս առաքէալը մեր ժողովրդին պարգեւեց աստուածամուխ սուրբ Գեղարդը եւ Տիրոջ կողմից օրհնուած իւղը, իսկ սուրբ Բարդուղիմէոս առաքէալը` Աստուածածնի լոյս պատկերը:

Առաքելական ժամանակներից սուրբ Գեղարդը մշատապէս պահուել է Հայոց աշխարհում, մեր հինաւուրց վանքերում, որոնցից Այրիվանքը, ի պատիւ Տէրունի սրբութէան, անուանակոչուեց Գեղարդավանք: 18-րդ դարի կէսերից սուրբ Գեղարդը փոխադրուեց Մայր աթոռ սուրբ Էջմիածին` լինելով հայոց հայրապետաց մշտարթուն հսկողութէան ներքոյ: Սուրբ Գեղարդով է օրհնուում եւ նուիրագործուում սրբալոյս Միւռոնը, որպէսզի աստուածամուխ Գեղարդի միջոցով եւս օրհնուելով` անուշ Իւղը զօրութիւն ունենայ աստուածային շնորհները դրոշմելու մկրտուածների եւ ձեռնադրեալ եկեղեցականների հոգիներին, սրբագործելու աստուածպաշտական սրբազան իրերն ու առարկաները, հաւատքի նորակառոյց տները: Պատմութեան ընթացքներում նշանակալի իրադարձութիւնների ժամանակ, փորձութիւնների ու նեղութիւնների մէջ աստուածամուխ սուրբ Գեղարդը հայոց հայրապետաց օրհնութէամբ դուրս է հանուել ի տես եւ յերկրպագութիւն մեր աստուածասէր ժողովրդի եւ բարեպաշտ օտարաց, որպէսզի սուրբ Գեղարդից ճառագող օրհնաբեր լոյսն ու աստուածային զօրութիւնը սփռուեն համայն հաւատացելոց վրայ եւ հրաշագործեն` պարգեւելով հաւատքի ամրութիւն, բժշկութիւն, մխիթարութիւն եւ երկնահեղ բիւր շնորհներ:

Գոհունակ հոգով, ականատես ուխտաւորաց անհատնում երթին ի քրիստոսահիմն սուրբ Էջմիածին եւ հաղորդ հաւատացելոց սրտի խորին փափագին, այսօր հայրապետական այսու կոնդակով տնօրինում ենք, որ հայոց առաջին լուսաւորչաց` սուրբ Թադէոս եւ սուրբ Բարդուղիմէոս առաքելոց տօնին աստուածամուխ սուրբ Գեղարդը մեծահանդէս թափօրով իջեցուի քրիստոսակերտ Մայր տաճար` յերկրպագութիւն հաւատաւոր մեր զաւակների` ի մխիթարութիւն նրանց յուսացեալ հոգիների եւ ի կատարումն սրտի բաղձանքների: Տիրոջ բիւր շնորհների եւ երկնահեղ պարգեւների հայցով աստուածակառոյց սուրբ Էջմիածնից յորդոր եւ պատգամ ենք բերում հաւատաւոր, աստուածասէր մեր զաւակներին, որպէսզի ամէն տարի այս մեծափառ տօնին ուխտի ելնեն ի քրիստոսահիմն սուրբ Էջմիածին, ծնրադիր երկրպագութեամբ եւ խոնարհումով Տէրունի մեծ սրբութեան` հրաշագործ սուրբ Գեղարդի առջեւ, որը շնորհաց շտեմարան է, բարեաց աղբիւր եւ ամենայաղթ սուր՝ ընդդէմ չարի, եւ աղօթք մատուցեն` հայցելով Փրկչի օրհնութիւնն ու հովանին համայն աշխարհին, հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին եւ իրենց կեանքին` որպէս «դեղ կենաց առ հնարս ցաւոց հոգւոց եւ մարմնոց»:

Միածնաէջ սուրբ Սեղանի առջեւ ի խորոց սրտի հայրապետական մեր աղօթքն ենք բարձրացնում առ Ամենակալ Տէրը, որ երկնային զօրակցութեամբ, «ընդ հովանեաւ աստուածամուխ եւ սքանչելագործ սուրբ Գեղարդեանս` ներկեալ արեամբն Քրիստոսի», միշտ հաստատուն ու պայծառ պահի Առաքելական մեր սուրբ եկեղեցին, եւ ամենակեցոյց Իր շնորհներով խաղաղ ու ապահով պահպանի ու առատապէս օրհնի աշխարհս եւ աշխարհասփիւռ ազգս հայոց:

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեան. ամէն:

 
Օրհնութէամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
 
 
Տուաւ կոնդակս ի 28-ն նոյեմբերի
յամի Տեառն 2014 եւ ի թուին հայոց ՌՆԿԳ
ի մայրավանս սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 879