Աղբիւր՝ www.armenpress.am
Լ.Ղ.Հ.-ի յատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդիւնքում տարհանուել են Ադրբեջանի կողմից խոցուած ուղղաթիռի անձնակազմից մէկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին յայտարարում է Արցախի Հանրապետութեան Պ.Բ.-ի լրատուութեան եւ քարոզչութեան բաժինը: «Հաշուի առնելով ադրբեջանական կողմի պաշտօնական յայտարարութիւններն ու բանականութեան իսպառ բացակայութիւնը, Լ.Ղ.Հ.-ի զինուած ուժերը ստիպուած դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցուած ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու եւ դրանից բխող խնդիրներ լուծելու յատուկ նշանակութեան գործողութեան: Մարտական խնդրի կատարման արդիւնքում դէպքի վայրից տարհանուել են ուղղաթիռի անձնակազմից մէկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Յատուկ նշանակութեան գործողութեան ընթացքում շարքից հանուել է հակառակորդի երկու ասկեար: Պաշտպանութեան բանակի կողմից կորուստներ չեն եղել»:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելեան հատուածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը` 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական Զ.ՈՒ.-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում խոցուել է Լ.Ղ.Հ.-ի Ռ.Օու. Մի-24 ուղղաթիռը: Հակառակորդը մի քանի շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից ինտենսիւ կրակ վարել դէպքի վայրի ուղղութեամբ` չանսալով միջազգային հանրութեան կոչերին` դադարեցնել կրակը մարմինների դուրսբերման հնարաւորութիւն տալով: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակեանը: Միւս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակեանը եւ աւագ լեյտենանտ Սարգիս Նազարեանը: