Աղբիւր՝ www.hyeli.com
Գործունէութեան երկու տարւայ ընթացքում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամն աջակցութիւն է ցուցաբերել շուրջ 1000 հայրենադարձի, որոնց մեծ մասը նոր են տեղափոխւել հայրենիք եւ ծանօթ չեն օրէնսդրութեանը, պայմաններին ու ընթացակարգերին:
Հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլեանի փոխանցմամբ, կարողացել են շուրջ 200 հոգու համար աշխատանք գտնել, դիմողների 40%-ն իր բիզնեսն է ստեղծել: Սա, իհարկէ, չի նշանակում, որ հիասթափւողներ չեն լինում:
Լինում են նաեւ մեկնողներ, սակայն կարեւոր գաղափարախօսութիւնն, ըստ Մարաշլեանի, այն է, որ հայրենադարձին ճիշտ ներկայացւի հայաստանեան իրականութիւնը:
«Ոչ վարդագոյն, ոչ սեւ: Դրսում ապրող հայը պէտք է իրական պատկերացում ունենայ Հայաստանի մասին եւ իմանայ` ո՞ւր է գալիս եւ ինչո՞ւ»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` ասելմ է Մարաշլեանը` յաւելելով, որ այս հարցում շատ կարեւոր է նաեւ անձնական փորձի ներկայացումը:
Հէնց այդ նպատակով հանդիպումների ժամանակ հիմանդրամի անդամները հրաւիրում են նաեւ Հայաստանում յաջողութեան հասած հայրենադարձներին: Որպէսզի հայրենադարձների ինտեգրումը հայ հասարակութեան հետ լինի աւելի մատչելի, հիմնադրամի աշխատակիցներն ու ստեղծւած հայրենադարձների ցանցն առաւել մատչելի կերպով ներկայացնում են օրէնսդրութիւնը, իրավիճակը, պայմանները:
«Հայրենադարձութեանը նպաստող միջավայրի ստեղծումն ամենամեծ խնդիրն է: Այս առումով հիմանդրամն աջակցութեան կարիք ունի, քանի որ հայրենադարձութիւնը ոչ պետութեան, ոչ կուսակցութիւնների օրակարգում չկայ:
Հայրենադարձութեան մասին օրէնքը քնած վիճակում է եւ անգամ Ազգային ժողովում քննարկումների փուլ չի հասել»,- ասել է Մարաշլեանը` յաւելելով, որ հայրենադարձների մեծ մասը հետագայում հեռանում է հիմնականում աշխատանք չգտնելու կամ աւելի քիչ գումար վաստակելու համար: «Գլխաւոր խնդիրն այն է, որ հայրենադարձները հասկանան, որ կայ հայրենիք, որն ունի խնդիրներ, առաջարկում է որոշակի պայմաններ: Հայաստանում գինեգործութեան ոլորտում մեծ փոփոխութիւններ են արձանագրւում հայրենադարձների շնորհիւ, կան ոլորտներ, մասնագիտութիւններ, որոնք մեծ պահանջարկ են վայելում եւ բնական է, որ այդ ոլորտներում հայրենադարձները կարող են շահեկան դիրքում գտնւել եւ նպաստել, թէ իրենց կենսամակարդակի բարձրացմանը, թէ պետութեան զարգացմանը»,- ասել է Մարաշլեանը: