Աղբիւր՝ www.armenpress.am

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտէն շարունակում է իր ուշադրութեան կենտրոնում պահել խոցուած ուղղաթիռի հարցն ու կազմակերպութեան` Երեւանում, Բաքւում եւ Ստեփանակերտում գտնուող գրասենեակներն այդ հարցի առնչութեամբ աշխատանք են իրականացնում: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում  Կ.Խ.Մ.Կ. հայաստանեան գրասենեակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառայ Ամատունին ասաց, որ կառոյցը դեռեւս նոյեմբերի 13-ին ստացուած պաշտօնական դիմումից յետոյ գործին ընթացք է տուել: «Կարմիր խաչն ըստ ընթացակարգի եւ իր գործառոյթների շրջանակներում իրականացնում է աշխատանք, որպէսզի ապահովի երկխօսութիւն` Երեւանի եւ Բաքուի միջեւ խոցուած ուղղաթիռի աձնակազմի ճակատագրերի մասին տեղեկատուութիւն ստանալու առնչութեամբ»,- ասաց Զառայ Ամատունին:

«Արմէնպրես»-ի հարցին, թէ ինչն է պատճառը, որ ղարաբաղեան կողմը երկրորդ անգամ է պաշտօնական նամակով դիմում կազմակերպութեանը, Ամատունին ասաց, որ անկախ հանգամանքից, թէ կողմերը քանի անգամ կը դիմեն, իրենք ըստ ընթացակարգի իրականացնում են իրենց աշխատանքը:

Անդրադառնալով Կարմիր խաչին ուղղուած քննադատութեանն ու ձեւակերպումներին, որ կառոյցը մատնուած է անգործութեան, Ամատունին ասաց, որ աշխատանքն ու ձեւաչափն այնպիսին է, որ իրենց գործունէութեան մանրամասները հասարակութեանը չի ներկայացւում եւ թերեւս դա է պատճառը, որ նման թիւր տեսակէտ է կազմուել:

«Կարմիր խաչի Երեւանի, Բաքուի եւ Ստեփանակերտի գրասենեակները շարունակում են աշխատել, որպէսզի խնդրի առնչութեամբ կարողանան կողմերը գալ որեւէ տեսակէտի: Քննարկումները ընթացքի մէջ են, երկխօսութիւնը շարունակւում է»,- ասաց Զառայ Ամատունին` յաւելելով, որ ընթացակարգերն եւ բանակցութիւնների փուլերը չի կարող մանրամասնել:

Նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում խոցուել է Լ.Ղ.Հ.-ի Ռօու ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մօտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից ինտենսիւ կրակ վարել դէպքի վայրի ուղղութեամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակեանը: Միւս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակեանը եւ աւագ լեյտենանտ Սարգիս Նազարեանը: Նոյեմբերի 12-ին կատարուածի առնչութեամբ Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խումբը հաղորդագրութիւն էր տարածել ու դատապարտել կատարուածը: Եւրամիութիւնը, դատապարտելով կատարուածը, կոչ արել միջադէպի մանրամասները պարզելու համար անյապաղ սկսել հետաքննութիւն եւ արդիւնքները ներկայացնել միջազգային հանրութեանը: Յայտարարութեամբ հանդէս է եկել նաեւ Ա.Մ.Ն.-ի պետքարտուղարութիւնը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարութիւններ:

Նոյեմբերի 18-ին Լ.Ղ.Հ.-ի ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողովը պաշտօնապէս կրկին դիմել է Կ.Խ.Մ.Կ.-ին որպէսզի քայլեր ձեռնարկեն Ղարաբաղայ-ադրբեջանական սահմանի արեւելեան հատուածի օդային տարածքում ադրբեջանական օդուժի կողմից խոցուած հայկական ուղղաթիռի անձնակազմի մասին տեղեկութիւն ստանալու համար: Նման դիմում Լ.Ղ.Հ.-ի ղեկավարութիւնը Կ.Խ.Մ.Կ.-ին ներկայացրել էր նաեւ նոյեմբերի 13-ին: