Աղբիւր՝ www.yerakouyn.com
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ձեռնարկների շրջանակում Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան ջանքերով Նիւ Եորքից Հայաստան է տեղափոխուել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի, ապա Հայաստանի առաջին հանրապետութեան բանակի կայացման նուիրեալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զօրավար Սեպուհի` Արշակ Նէրսիսեանի աճիւնի սափորը:
Զօրավար Սեպուհի աճիւնի սափորը նոյեմբերի 20-ին, ժամը 13։00-ին Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի մասնակցութեամբ ամփոփուելու է «Եռաբլուր» զինուորական պանթէոնում: Նոյն օրը` ժամը 15։00-ին, «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում տեղի է ունենալու մեծ ֆիդայուն եւ զինուորականին նուիրուած յուշ-ցերեկոյթ:
«Ազատագրական պայքարի այնպիսի մեծութիւն, ինչպիսին Դժոխք-Հրայրն էր, զոհուեց Սեպուհին փրկելու համար: Գիտէր նրա արժէքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զօրավար Սեպուհ» մենագրութեան հեղինակ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսեանը: Նա պատմեց, որ երբ Սեպուհը վիրաւորուել էր, Հրայրը փորձեց նրան փրկել, նոյն այդ պահին նրան ճակատից գնդակահարում են:
Զօրավար Սեպուհը ծնուել է 1872-ին Արեւմտեան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի գիւղերից մէկում: Ազատագրական շարժումին միացել է Կ. Պոլսում, յետագային գործել է Արեւմտեան Հայաստանում: Միացել է Հնչակեան կուսակցութեանը, 1894-ից` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ: Ուսանել է Տրապիզոնի ազգային վարժարանում: Ապրել եւ գործել է Կ. Պոլսում, 1890-ի Գում Գափուի ցոյցից յետոյ անցել է Ղրիմ (Սեւաստոպոլ, Եալթա), յետոյ` Կարս, Տարօն, 1903-ին` Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմի մէջ` Սասուն: 1904 թուականի Սասունի ինքնապաշտպանութեան մասնակից է: Ձերբակալուել է թրքական իշխանութիւնների կողմից եւ բանտարկուած Մուշի մէջ:
Սեպուհը մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբութեանը: Գործակցել է Հրայրի եւ Իշխանի հետ: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան 4-րդ ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց յետոյ մեկնել է Բաբերդ, մինչեւ 1912 գործել է Տարոսի, ապա` Կարինի, Թիֆլիսի մէջ, 1913-ից ապրել է Խարքովում: Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին: Եղել է հայկական 1-ին կամաւոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար: Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերից մտել է հայ կամաւորների շարքը եւ մասնակցել Կովկասեան ճակատի վրայ մղուող կռիւներին որպէս հայ կամաւորական 1-ին գնդի հրամանատար: Մուրատ Սեբաստացու հետ ստեղծել է հիմնադրամ, որի նպատակն եղել է նիւթական օգնութիւն ցոյց տալ Հայոց ցեղասպանութեան հետեւանքով գաղթական դարձած հայ ընտանիքներին: Եղել է Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանի անդամ եւ ճնշել է 1920-ի Մայիսեան ապստամբութիւնը: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատուելու հետեւանքով գաղթել է Ա.Մ.Ն., որտեղ մահացել է 1940-ին: