28-29 օգոստոս 2013-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, գումարւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի կողմից նշանակւած Հայ Եկեղեցու Եպիսկոպոսների Ժողովի Նախապատրաստական Յանձնախմբի ժողովը:
Ժողովին մասնակցում էին Նախապատրաստական Յանձնախմբի անդամներ՝ գերշ. Տ. Խաժակ արքեպս. Պարսամեանը, գերշ. Տ. Օշական արքեպս. Չօլոյեանը, գերշ. Տ. Միքայէլ եպս. Աջապահեանն ու գերշ. Տ. Նարեկ արք. Ալեէմէզեանը եւ Սրբադասման ու Ծիսական Բարեկարգութեան Յանձնախմբերի անդամներ՝ գերշ. Տ. Եզնիկ արքեպս. Պետրոսեանը, գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը, գերշ. Տ. Արշակ եպս. Խաչատրեանը եւ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը:
Չորեքշաբթի՝ 28 օգոստոսին, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդունեց ժողովական հայրերին եւ նրանց փոխանցեց Եպիսկոպոսների Ժողովի գումարման իր պատկերացումներն ու արդիւնալից աշխատանքի օրհնութիւնները:
Երկու օրերի ընթացքում, ժողովական սրբազանները քննարկեցին Հայ Եկեղեցու Եպիսկոպոսների Ժողովի գումարման թւականը, օրակարգը եւ ժամանակացոյցը:
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսների Ժողովը կը գումարւի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի օրհնութեամբ եւ ներկայութեամբ, 24-27 սեպտեմբեր 2013-ին, Ս. Էջմիածնում: