Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Շահումեանի շրջանի վերաբնակեցւող գիւղերից է Ակնաբերդը: Դեռ հեռաւոր 90-ականներին Շահումեանի վերաազատագրումը Շահէն Մեղրեանը հէնց այստեղից սկսեց: Ակնաբերդում Շահէնի "Եղնիկներին" յաճախ են յիշում: Նրանք ազատագրեցին գիւղը, իսկ պատերազմի աւարտից յետոյ դարձան գիւղի առաջին վերաբնակիչները:
Արցախի մասին անտեղեակ, ասենք հեռաւոր երկրից ժամանած լրագրողը, եթէ գիւղ գնայ եւ ցանկանայ պարզել Ակնաբերդի պատմութիւնը, գիւղի ամենափոքրիկ բնակիչը նրան խորհուրդ կը տայ այցելել 72-ամեայ Մերուժան Գրիգորեանին: Նրան գտնելն այնքան էլ դժւար չէ, գիւղամիջում է ապրում:
Մինչ մեր հարցերին պատասխանելն, իր համար ձեւաւորած աւանդոյթի համաձայն, առաջարկեց այցելել իր տան գրեթէ դիմաց կառուցած փոքրիկ յուշահամալիր: Սա Գրիգորեանների ընտանեկան գերեզմանոցն է: Այստեղ են ամփոփւած արցախեան պատերազմում զոհւած միակ որդու եւ կնոջ աճիւնները:
Տապանաքարից տապանաքար է շրջում եւ խօսում իր մենակութեան մասին: Ասում է՝ պատերազմ տեսած մարդու համար ապրելն էլ է բնական, մեռնելն էլ, ուստի ոչ մէկին նեղութիւն չտալու համար նաեւ իր տապանաքարն է տեղադրել:
Մերուժան Գրիգորեանն այս գիւղի քայլող պատմութիւնն է: Դեռեւս 40-ականներին նա գիւղում ադրբեջանցիների հետ ապրող միակ հայ բնակիկչն էր, 90-ականներին Ակնաբերդի ազատագրումից յետոյ արդէն՝ միակ ու առաջին վերաբնակիչը:
"1988-ին շարժումը սկսել ա, էստեղ եմ եղել, գերի ընկայ, յետոյ արդէն, երբ ազատագրեցին այս հողերը, առաջին վերաբնակիչն էի",- յիշում է պապը:
Ակնաբերդն այսօր 560 բնակիչ ունի: Այստեղ հիմանակնում զբաղւում են հողագործութեամբ եւ անասնապահութեամբ: Խնդիրները շատ են, յոյսն է մեծ՝ մի օր ամէն ինչ փոխւելու է:
Համլետ Սերգեանը համայնքը ղեկավարում է դեռ 2002 թւականից: Ասում է՝ գիւղի վերաբանկեցումը սկսւել է մեծ թափ առնել, իսկ առաջին վերբնակիչներն Ակնաբերդը ազատագրած "Եղնիկների" տղաներն էին:
Յարութիւնեանների ընտանիքը այստեղ է տեղափոխւել Արթիկից: Բազմազաւակ ընտանիք է, խնդիրները շատ են, բայց մտածում են գիւղի բնակիչների թիւն աւելացնելու մասին: Ասում են, դեռ 6 երեխայ ունենք:
Առանց որեւէ պայմանի այս հողերը շէնացնող մարդկանց միաւորում է համառութիւնը: Համառութիւն, որը նաեւ պարտքի զգացում է: Իրենք շենացնում են այն հողը, որը ազատագրւել է հարիւրաւորների կեանքի գնով: