Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաւէրով աշխատանքային այցով Փարիզում գտնւող նախագահ Սերժ Սարգսեանն Ելիսէյեան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրաւէրներին: Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել նախագահ Օլանդին` Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահութիւնում Ֆրանսիայի դերակատարման եւ Լ.Ղ.-ի հիմնախնդրի կարգաւորմանն ուղղւած փարիզեան հանդիպման նախաձեռնութեան համար:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հ.Հ.-ի նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատվութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, հանդիպմանը զրուցակիցները վերստին ընդգծել են, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհեալ յարաբերութիւններն ընդհանուր արժէքների վրայ հիմնւած հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարաւոր բարեկամութեան վկայութիւնն են, որոնք տարէցտարի աւելի են ամրապնդւում բարձր մակարդակի փոխայցելութիւններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացւած համագործակցութեան ընդլայնմամբ ու զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում համագործակցութեամբ: Սերժ Սարգսեանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակութեամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխօսութիւնից բացի, ակտիւօրէն զարգանում եւ ամրապնդւում են նաեւ տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծաւալը հայաստանեան տնտեսութեան մէջ այսօր արդէն կազմում է շուրջ մէկ միլիարդ Ա.Մ.Ն. դոլար:
Նախագահ Օլանդը շնորհակալութիւն է յայտնել Սերժ Սարգսեանին` միջազգային խաղաղապահ առաքելութեանը Հայաստանի շահագրգիռ մասնակցութեան, ինչպէս նաեւ աֆրիկեան տարածաշրջանում Մ.Ա.Կ.-ի հովանու ներքոյ իրականացւող գործողութիւններին հայկական կողմի մասնակցութեան պատրաստակամութեան համար:
Անդրադառնալով Լ.Ղ.-ի հիմնախնդրի կարգաւորման գործընթացին` նախագահ Սարգսեանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապէս հանդէս է գալիս բացառապէս խաղաղ բանակցութիւնների միջոցով հակամարտութեան կարգաւորման օգտին եւ նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի ջանքերը` միտւած բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը:
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումից յետոյ Փարիզի Մարինյի պալատում Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ մեկնարկել են Լ.Ղ.-ի հիմնախնդրի կարգաւորմանն ուղղւած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցութիւնները: Դրանք աւելի ուշ կամփոփւեն Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպման ժամանակ: