Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքը Տաւուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցեցին Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողութեանը:

Եկեղեցականաց դասի կողմից կատարվեց U.W.C. Դիլիջան քոլեջի օրհնութեան կարգ, որի աւարտին Հայաստանեայց Առաքելական եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովւապետերն իրենց օրհնութիւնը բերեցին ներկաներին:

Այնուհետեւ այս առիթով արարողութեան մասնակիցներին իր պատգամն ու գնահատանքի խօսքն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆԸ
 

Մեծարգոյ նախագահ Հայաստանի հանրապետութեան, տիար Սերժ Սարգսեան,

Մեծարգոյ նախագահ Արցախի հանրապետութեան, տիար Բակօ Սահակեան,

Մեծարգոյ նախագահ Սերբիայի հանրապետութեան, տիար Տոմիսլաւ Նիկոլիչ,

Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս, Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբութիւն Մոր Իգնատիուս Եփրեմ երկրորդ,

Միջազգային դպրոցի յարգարժան հիմնադիրներ, ուսուցիչներ, սիրելի սաներ եւ ներկաներ,

Գոհունակ սրտով Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնութիւնն ենք բերում ամենքիդ Դիլիջանի միջազգային դպրոցի բացման հանդիսաւոր արարողութեան առիթով:

Ողջունում ենք «Միացեալ աշխարհի քոլեջներ» կրթական կազմակերպութեան գործունէութեան շրջանակներում Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման նախաձեռնութիւնը: Կրթօջախների բացումը միշտ բարի եւ լուսաւոր յոյսերի աւետիս է ու առիթ: Ուսումն ու կրթութիւնը եղել եւ մնում են կեանքի առաջընթացի եւ հասարակութեան բարեփոխման հիմնական գրաւականները:

Բարձր ենք գնահատում, որ «Միացեալ աշխարհի քոլեջներ» կրթական կազմակերպութիւնն աշխարհի բազմաթիւ երկրներում հիմնադրած իր կրթական հաստատութիւններում ուսման ու կրթութեան շուրջ միաւորում է տարբեր ազգերի ու ժողովուրդների զաւակների` դրանով իսկ նպաստելով մարդկանց միջեւ խաղաղութեան ու բարեկամութեան ամրապնդմանը, ազգամիջեան համագործակցութեան ընդլայնմանը եւ մարդկութեան ապահով ու անվրդով կեանքի ու զարգացման նպատակների իրագործմանը: Սա մեծ առաքելութիւն է, առաքելութիւն, որն արդիական է եղել ինչպէս նախկինում, այնպէս եւ ներկայիս, երբ աշխարհն ալեկոծւում է սիրոյ պակասից, անհանդուրժողականութիւնից, կրօնական ու ազգայնական ծայրահեղականութեան դրսեւորումներից, որոնց ցաւալի հետեւանքներն այսօր տեսանելի են յատկապէս Մերձաւոր արեւելքում:

Դիլիջանում բացվւող այս դպրոցը, որ առայժմ միակն է տարածաշրջանում, նոյնպէս տեղակայւած է աշխարհա-քաղաքական այնպիսի գօտում, որի ամենաբնորոշ բնութագրիչներից մէկը «փխրուն խաղաղութիւնն» է: Մեր երկիրը` Հայաստանը եւ մեր ժողովուրդը մշտապէս դրսեւորել է իր հաւատարմութիւնը խաղաղ համակեցութեան ու գործակցութեան համամարդկային արժէքներին` դրա համար, ինչպէս անցեալին, այնպէս էլ այսօր, հաճախ վճարելով իր արեամբ ու կեանքով: Այս իմաստով մենք խիստ խորհրդանշական ենք նկատում Հայաստանում նմանօրինակ դպրոցի հիմնադրումը:

Կրթութիւնը մեր ժողովրդի աւանդական առաջնահերթութիւններից է: Վանքերն ու եկեղեցիները, որոնցով շրջապատւած է Դիլիջանի միջազգային այս դպրոցը, մեր ժողովրդի համար մշտապէս եղել են նաեւ օջախներ ուսման ու կրթութեան: Հաւատացած ենք, որ այս սրբավայրերից ճառագող օրհնութիւնն առաւել արդիւնաւոր պիտի դարձնի դպրոցի առաքելութիւնը եւ առաւել պտղաբեր` ջանքերը դպրոցի հիմնադիրների, ուսուցիչների եւ աշակերտների:

Մեր առաջին բարեմաղթանքն ուղղւած է դպրոցի ուսուցիչներին եւ սաներին, որպէսզի ամենայն սիրով ու ջանադրութեամբ ուսուցանեն եւ ուսանեն, կարողանան գնահատել եւ մանաւանդ՝ յարգանքով վերաբերւել ինչպէս սեփական, այնպէս եւ այլ ժողովուրդների հոգեւոր ու մշակութային արժեքներին:

Մեր օրհնութիւնն ու մաղթանքն ենք բերում Հ.Հ.-ի նախագահ տիար Սերժ Սարգսեանին, Լ.Ղ.Հ.-ի նախագահ տիար Բակօ Սահակեանին եւ պետական պաշտօնական այցով Հայաստանում գտնւող Սերբիայի հանրապետութեան նախագահ տիար Տոմիսլաւ Նիկոլիչին, ովքեր իրենց ներկայութեամբ առաւել նշանակալի են դարձնում դպրոցի բացման հանդիսաւոր այս արարողութիւնը՝ յաւելեալ պատասխանատւութիւն ներշնչելով դպրոցի տնօրինութեանն ու մանկավարժներին, կրթական գործի կազմակերպման ու իրականացման իրենց առաքելութեան մեջ:

Եղբայրական սիրով ողջունում ենք այստեղ ներկայութիւնը Ասորի ուղղափառ եկեղեցու պետ, Անտիոքի եւ համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբութիւն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, ով իր ընտրութիւնից յետոյ առաջին անգամը լինելով այցելել է Մայր աթոռ Սուրբ էջմիածին: Մեր զօրակցութիւնն ենք բերում Նորին Սրբութեանը՝ ի դիմաց Սիրիայում հաւատաւոր ասորի ժողովրդի դիմագրաւած դժւարութիւնների ու նեղութիւնների:

Մեր բարեմաղթանքներն ու գնահատանքն ենք բերում նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին ու կառավարիչներին` տիար Ռուբեն Վարդանեանին եւ նրա մեծազնիւ տիկնոջը` Վերոնիկա Զոնաբենդին, տիար Գագիկ Ադիբեկեանին, տէր եւ տիկին Նուբար եւ Աննա Աֆեաններին, տիար Վլադիմիր Աւետիսեանին, տիար Օլեգ Մկրտչեանին եւ տիար Ջոն Փադըֆութին:

Աղօթում ենք, որ Ամենողորմ Տէրը խաղաղութիւն պարգեւի համայն մարդկութեանն ու ամբողջ աշխարհին եւ օրհնելով բազմապատկի ներդրւող բոլոր այն ջանքերն ու նախաձեռնութիւնները, որոնք նպաստելու են խաղաղութեան ու մարդկանց միջեւ համերաշխութեան հաստատման աստւածահաճոյ գործին:

Տիրոջ սերը, շնորհն ու խաղաղութիւնը ամենքիդ հետ լինեն: Ամէն: