Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայաստանի նախագահի հրամանագրով 6 տարի առաջ ստեղծւեց Սփիւռքի նախարարութիւնը: Ըստ նախարար Հրանուշ Յակոբեանի՝ սա նաեւ Սփիւռքի պահանջն էր: Նախարարութեան տարեդարձին այսօր մասնակցում էին վարչապետ Յովիկ Աբրահամեանը, Սփիւռքի եւ հայաստանեան կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Աշխարհի տարբեր անկիւններում ապրող 7 միլիոն հայերի հայրենադարձութիւնը, հայապահպանութիւնը, ի նպաստ Հայաստանի՝ նրանց ներուժի վերհանումը գերատեսչութեան քաղաքականութեան կարեւոր ուղղութիւններն են: Հրանուշ Յակոբեանը ներկայացրեց այդ նպատակով արւած աշխատանքները՝ համաժողովներ, փառատօներ, բազմաբնոյթ ծրագրեր, որոնց մասնակիցները, ըստ նախարարի, միշտ ակնկալւածից շատ են լինում: Վերջին տարիներին 4 անգամ բազմապատկւել է նաեւ երկքաղաքացիների թիւը:
Նախարարն ասաց, որ Հայաստանը պատրաստ է տարբեր հարցերում օժանդակել Սփիւռքին, բայց նաեւ ակնկալիքներ ունի:
«Պետութիւնն ակնկալում է Սփիւռքից, որ նա ներդրումներ անի հայրենիքում եւ մասնակցի հայրենիքի հզօրացմանը: 2-րդ` պէտք է իր գիտելիքները, կապերը, հնարաւորութիւնները համախմբի եւ դառնայ հայաստանակենտրոն: 3-րդ` պէտք է յատկապէս կրթութեան, գիտութեան, առողջապահութեան ոլորտում առաջ գնացած կառոյցներն ու մարդիկ համախմբւեն մեր երկրի շուրջ: Եւ 4-րդ` Սփիւռքը դրսում իր վարքով, գործունէութեամբ Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիւը բարձր պահի»,- ասաց Հրանուշ Յակոբեանը։