Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Սեպտեմբերի 21-ին աւարտւեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնում գումարւած եկեղեցական-ներկայացուցչական ժողովը, որին մասնակցում էին Հայ եկեղեցու շուրջ 35 թեմերի եւ Նւիրապետական աթոռների աւելի քան 150 հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչներ:
Ժողովի աշխատանքն այսօր ամփոփել է Մայր Աթոռի դիւանապետը: Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը տեղեկացրել է, որ ընդունւել է եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրութիւնը. ժողովի կայացրած որոշումները պարտադիր են դառնում հայ առաքելական բոլոր եկեղեցիների համար: Քննարկւել է նաեւ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների հարցը:
Կարեւորագոյնը Միւռոնօրհնէքը եւ Ցեղասպանութաեն զոհերի սրբադասումն է, որն առաւել մանրամասն կը քննարկւի նոյեմբերին կայանալիք եպիսկոպոսաց ժողովում:
Լրագրողների խնդրանքով Արշակ սրբազանն անդրադարձել է նաեւ Մեծի տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինի յայտարարութեանն՝ այն համարելով արդարացի: Յիշեցնենք, որ Արամ Առաջինն ասել էր, թէ պատրաստւում է հայցով դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան եւ պահանջել վերադարձնել Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատմական նստավայրը՝ Սիսը:
«Նախորդ տարի ապրիլի 24-ին Գարեգին Երկրորդը եւ Արամ Առաջինը համատեղ յայտարարութիւն ստորագրեցին, որտեղ որոշակի ամփոփւած էին պահանջատիրական մեր ձգտումները: Եւ այդպիսի գործընթաց սկսւել է Կոստանդնուպոլսի եւ Երուսաղմի հայոց պատրիարքութիւնների կողմից՝ Թուրքիայի տարածքում գտնւող եկեղեցական կալւածքները վերադարձնելու պահանջով: Ամէն ինչ Մայր Աթոռը պիտի անի այս ծրագրի բարեյաջող ընթացքի համար»,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը։