Աղբիւր՝ www.yerkir.am

 

 

Երեւանն ու Թեհրանը պատրաստւում են առեւտրային կոմբինացիաների` Իրանը Հայաստանին կօգնի շրջանցել թուրք-ադրբեջանական շրջափակումը, Հայաստանն Իրանին՝ պատժամիջոցները: Այդ մասին գրում է Независимая газета-ն՝ նշելով, որ կողմերի միջեւ ակտիւացել են Հայաստան իրանական գազ մատակարարելու շուրջ բանակցութիւնները:

Թերթը վկայակոչում է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռէյսիի յայտարարութիւնն այն մասին, որ միջկառավարական յանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանով Արեւմուտք իրանական գազի տարանցման հնարաւորութիւնը:

Թերթը, հիմնւելով փորձագէտների խօսքերի վրայ, նշում է, որ կոնկրետ գազային աւելի լայն համագործակցութիւնն առաջիկայում անհնարին է, ինչը կապւած է ֆինանսական բարդութիւնների հետ:

«Ֆինանսական բեռը հիմնականում Թեհրանի վրայ կընկնի, իսկ երկիրն Արեւմուտքի պատժամիջոցների արդիւնքում զրկւել է «ազատ փողերից»,- ասում է իրանագէտ, «Նորավանք» ռազմավարական հետազօտութիւնների հիմնադրամի տնօրէնի տեղակալ Սեւակ Սարուխանեանը:

Իրանագէտը նշում է, որ իրատեսական է համարւում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը: Սակայն, միաժամանակ, խօսվում է նաեւ ադրբեջանա-իրանական երկաթգծի մասին, որն Իրանին հնարաւորութիւն կը տայ արդէն առանց Հայաստանի դուրս գալու Վրաստանի եւ Ռուսաստանի նաւահանգիստներ:

Առաւել իրատեսական է, ըստ Սարուխանեանի, համարւում նաեւ երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծումը: Սակայն այստեղ էլ խնդիրներ կան՝ Հայաստանի՝ Եւրասիական տնտեսական միութեանն անդամակցութեան հետ կապւած: Ըստ իրանագէտի՝ դեռեւս պատժամիջոցների ռեժիմի տակ գտնւող Իրանին դա հնարաւորութիւն կը տայ ազատականացնելու առեւտրա-տնտեսական յարաբերութիւններն անմիջական հարեւանների հետ: