Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Սեպտեմբերի 22-ին Հայաստանում Ի.Ի.Հ.-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռեյսին լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը բանակցում են տարբեր հարցերի, այդ թւում՝ Հայաստան իրանական էներգակիրների առաքման եւ Հայաստանի տարածքով իրանական գազը դէպի Արեւմուտք տարանցելու հնարաւորութեան շուրջ:

Հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովն աշխատում է տարբեր բնագաւառներում համագործակցութիւնը խորացնելու համար եւ բանակցութիւններ են ընթանում այդ յանձնաժողովում ասել է դեսպանը եւ աւելացրել, որ մօտ ապագայում նորութիւն կը լինի:

Անդրադառնալով Հարաւային կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբակի գործունէութեանը եւ սպառնալիքներին հակազդելու Իրանի պատրաստակամութեան մասին՝ դեսպանն ասել է, որ այդ ահաբեկչական խմբավորումը որեւէ առնչութիւն չունի իսլամի հետ, ուստի նրանց անւանումը՝ «Իսլամական պետութիւն», սխալ է ընտրւած, քանի որ այն ահաբեկչական խմբաւորում է, որը «Ալ-Քաիդա»-ից վերածւելով Ի.Պ.-ի՝ կարողացաւ մի շարք յաջողութիւններ գրանցել իր համար: Աշխարհը փորձում է հեռացնել Ի.Պ.-ի վտանգը այն դէպքում, երբ Իրանն այդ մասին վաղուց էր խօսում: Իրանն ի սկզբանէ դէմ էր, որ նման խմբաւորում գոյութիւն ունենայ: Բազմաթիւ երկրներ են օգնել նրանց եւ զէնք մատակարարել, իսկ տարիներ անց կանգնել են խմբաւորումը վերացնելու անհրաժեշտութեան փաստի առաջ, յաւելել է նա:

«Իսլամական պետութիւնը» կամ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւնը» իսլամիստական ահաբեկչական կազմակերպութիւն է: Գործում է Իրաքի եւ Սիրիայի տարածքում: Ձեւաւորւել է 2006 թւականին: