Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան կողմից կատարւած եւ Հայաստանի 2013-ի ընկերային դրութեան վերաբերող զեկոյցի մէջ յատուկ բաժին է յատկացւել դպրոցներին՝ լուսարձակի տակ առնելով այն, որ վերջին տասը տարիներին ի՛նչ յառաջընթաց է արձանագրւել այս բնագաւառում։

10 տարի առաջ աշակերտների թիւը մօտ 1,4 անգամ՝ 141,400 աշակերտով աւելի էր: Այս ցուցանշի նահանջը կարելի է բացատրել ժողովրդագրութեան անբարենպաստ վիճակով՝ ծնելիութեան նւազմամբ, արտագաղթով: Նաեւ պէտք չէ անտեսել այն փաստը, որ որոշ ընտանիքներ պարզապէս նիւթական կարելիութիւն չունեն դպրոցական ծախսերը հոգալու:

2001-2002 տարեշրջանին ընտանիքների հետ Հայաստանից հեռացել էր 9,600 աշակերտ, իսկ մէկ տարի անց ցուցանիշը կրկնակի էր նւազել՝ կազմելով 4,700: Այնուհետեւ 2003-2004 տարեշրջանին արտագաղթը նւազել էր 3,000-ի: Հաշւետու տարեշրջանին արտերկիր է մեկնել մօտ 5,500 աշակերտ:

Ուսումնասիրւող ժամանակաշրջանում երկրում հանրակրթական հաստատութիւնների թիւը նւազել էր 38 միաւորով: Ընդ որում, պետական դպրոցների թիւը նւազել է (50 միաւորով), իսկ ոչ-պետականներինը՝ աճել (12 միաւորով): Տոկոսային յարաբերակցութեամբ բացասական տարբերութիւնն այնքան էլ շատ չէ՝ նւազումը 3 տոկոս է: Հաշւի պէտք է առնել նաեւ այն, որ առկայ դպրոցները բնաւ լիարժէք ծանրաբեռնւածութեամբ չեն աշխատում:

Բնականաբար, դրական կողմ էլ կայ. տասնամեակի ընթացքում դպրոցական համակարգիչների թիւը 3,400-ից հասել է մինչեւ 13,000-ի: Եթէ նախապէս իւրաքանչիւր 148 աշակերտ ունէր 1 համակարգիչ, ապա հաշւետու տարւայ ընթացքում իւրաքանչիւր 20 աշակերտ ունեցել է 1 համակարգիչ: