Աղբիւր՝ www.asbarez.com
Հայաստանում Ա.Մ.Ն.-ի դեսպանատունը խանգարում է իրանեան «Մելլաթ» դրամատան աշխատանքները: Այս ամբաստանութիւնը ներկայացւել է իրանահայ գործարար Լեւոն Ահարոնեանի կողմից սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Իր բարերարութիւններով յայտնի Ահարոնեանի համաձայն՝ նման իրավիճակը խնդիրներ է ստեղծում Հայաստանում իրանական ընկերութիւնների ֆինանսական գործարքների համար: Նա նշել է, որ դէմ չէ Հայաստանում դրամատնային գործարքների վրայ սեւեռուն հսկողութիւն հաստատելու գաղափարին, բայց «Մելլաթ»-ի հանդէպ ճնշումներ, իր կարծիքով, այլ պատմութիւն են:
Ահարոնեանի խօսքով՝ մեծ գործարքների հանդէպ վերահսկողութիւնը միջազգային ընդունւած կարգ է դրամի լւացման եւ ահաբեկչութեան դէմ պայքարի նկատառումներով:
«Մեզանից ամէն գործարքի համար շատ փաստաթղթեր ու բացատրութիւններ են պահանջում, մենք ներկայացնում ենք: Բայց «Մելլաթ»-ի գործարքների մէջ միջամտում է ոչ թէ Հ.Հ.-ի Կենտրոնական բանկը, այլ Ա.Մ.Ն.-ի դեսպանատունը»,- վրդովւած յայտարարել է գործարարը: Ըստ Ահարոնեանի, որոշ ժամանակ առաջ Հայաստանից Իրան դրամ է փոխանցել «Մելլաթ» դրամատան միջոցով: Յաջորդ օրն իսկ Կենտրոնական դրամատուն են հեռաձայնել Ա.Մ.Ն.-ի դեսպանատնից եւ բացատրութիւն խնդրել:
«Ի հարկէ, այս իրավիճակը մեզ ձեռնտու չէ»,- աւելացրել է գործարարը: