Աղբիւր՝ www.hyeli.com

 

Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան իշխանութիւնները, հետեւելով ժնեւեան կոնւենցիաների դրոյթներին, պատրաստակամութիւն են յայտնել ադրբեջանական կողմին փոխանցել Մարտակերտի շրջանում սահմանը հատած գերուն: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշւած է Լ.Ղ.Հ. ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների պետական յանձնաժողովի տարածած հաղորդագրութեան մէջ, որում ասւած է.

«Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան իշխանութիւնները, ցուցաբերելով բարի կամք եւ կողմնակցութիւն ժնեւեան կոնւենցիաների դրոյթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014 թւականի սեպտեմբերի 5-ին Լ.Ղ.Հ.-ի սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրոյն հատած եւ Լ.Ղ.Հ.-ի համապատասխան ծառայութիւնների կողմից ձերբակալւած Ջաւիդ Սամիռօղլու Մուզաֆառզադէին՝ 1999 թւականին ծնւած, Ադրբեջանի հանրապետութեան Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

Լ.Ղ.Հ. ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների պետական յանձնաժողովը կատարւածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի հանրապետութիւնում հաւատարմագրւած Կ.Խ.Մ.Կ. եւ Ե.Ա.Հ.Կ. գրասենեակներին»:

Յիշեցնենք, որ Արցախի հանրապետութեան Պ.Ն.-ի մամուլի ծառայութիւնից յայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 18։10-ի սահմաններում, Լ.Ղ.Հ. պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ Պ.Բ.-ի դիրքապահների կողմից գերեւարւել էր Ադրբեջանի քաղաքացի Ջաւիդ Սամիռօղլուն:

Միջադէպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենեակը տեղեկացւել էր, իսկ Ջաւիդ Սամիռօղլուն յանձնւել էր Լ.Ղ.Հ.-ի համապատասխան ծառայութիւններին: