Աղբիւր՝ www.asbarez.com

 

18-21 սեպտեմբերին Երեւանում տեղի է ունենալու Հայրենիք-Սփիւռք համահայկական հինգերորդ համաժողովը: Վարչապետ Յովիկ Աբրահամեանի խնդրանքով, Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը մանրամասնութիւններ է ներկայացրել համաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին: Նա դիտել է տւել, որ արդէն Սփիւռքի 600-ից աւելի կառոյցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցութիւնը եւ այդ գործընթացը շարունակւում է: «Գիտէք, որ այդ համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի բոլոր համահայկական կառոյցների ղեկավարները, մասնակցելու են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ը, Կաթողիկէ պատրիարքը եւ միւս բոլոր առաջնորդները: Համաժողովը տեղի կունենայ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այն կը բացի հանրապետութեան վարչապետը»,- դիտել է տւել Յակոբեանը:

Ըստ նրա՝ համաժողովը տեղի է ունենալու երկու մասով՝ լիագումար եւ ըստ ուղղութիւնների նիստեր: Համաժողովի աշխատանքները կատարւելու են Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ թեմայով, երկրորդ նիւթը առնչւելու է սիրիահայութեան եւ արտակարգ իրավիճակի մէջ գտնւող հայերի անվտանգութեան հիմնախնդիրներին, երրորդ հարցը՝ լեզւի պատշպանութեան եւ մամուլին, չորրորդը՝ հայրենիք-Սփիւռք գործակցութեան կառուցակարգերի կատարելագործման: Համաժողովի ծիրում տեղի է ունենալու նաեւ զանգւածային լրատւամիջոցների 7-րդ համաժողովը, մասնակցելու են Սփիւռքից 120 խմբագիրներ եւ հայաստանեան մամուլի ներկայացուցիչները:

Համաժողովի մասնակիցներն ընդունելու է հանրապետութեան վարչապետը, այնուհետեւ նրանք այցելելու են Ազգային ժողով: Նրանք մեծ փափագ են յայտնել հանդիպելու նաեւ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի հետ: 21 սեպտեմբերին սփիւռքահայերը մասնակցելու են Հայաստանի անկախութեան օրւան նւիրւած հանրապետութեան նախագահի ընդունելութեանը:

Հրանոյշ Յակոբեանը զեկուցել է, որ վարչապետի յանձնարարութեամբ, նախապատրաստական աշխատանքները համապատասխան գերատեսչութիւնների, նախարարութիւնների եւ կառոյցների հետ յաջողութեամբ են ընթանում։

Կառավարութեան նիստին որոշում է տրւել, որ Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտար քաղաքացիները զերծ կացուցւեն մուտքի արտօնագրի տրամադրման համար նախատեսւած պետական տուրքի վճարումից: