Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Սեպտեմբերի 3-ը նշւում է որպէս Քարտէզի օր: Քարտէզագէտ Ռուբէն Գալիչեանը քարտէզները համարում է նաեւ ինքնութեան պահպանման բաղադրիչ: Ադրբեջանական հակահայ քարոզչութիւնը հասել է նաեւ քարտէզներին. ստեղծում են նոր քարտէզներ, որոնց մեջ բացակայում է Հայաստանը՝ որպէս պատմական երկիր եւ, թարգմանելով տարբեր լեզուներով, տարածում են եւրոպական գրադարաններում:
Քարտէզագէտը պնդում է, որ մենք՝ ունենալով իրականութիւնն արտացոլող քարտէզներ, պէտք է գոնէ շատերին հասանելի լեզուներով տարածենք դրանք:
«Ադրբեջանական պատմա-աշխարհագրական զեղծարարութիւնները» վերնագրով իր գրքում ուսումնասիրելով յունա-հռոմեական, քրիստոնէական եւ իսլամական քարտէզները, նա մի անգամ եւս ապացուցել է, որ «Ադրբեջան» անունով որեւէ պետութիւն մինչեւ 1918 թւականը դրանցում բացակայ է եղել: Իսկ այն, ինչը գոյութիւն է ունեցել իբրեւ Պարսկաստանի արեւմտեան նահանգ, բոլորովին էլ «Ադրբեջան» անունով ներկայիս պետութիւնը չէ: Այդ են փաստում նաեւ ադրբեջանական հին աղբիւրները:
50 քարտէզ պարունակող այս գիրքը տպագրւել է նախ անգլերէն, ապա ռուսերէն եւ հայերէն, իսկ այժմ պատրաստւում է պարսկերէն տարբերակը: «Էս գրքի մէջ բոլոր քարտէզները փաստում են, որ «Ադրբեջան» կոչւող երկիրը մինչեւ 1918 թւականը, գոյութիւն չի ունեցել: Սրանք 2000 տարւայ քարտէզներ են, որոնց մէջ Հայաստանը կայ, Պարսկաստանը կայ, բայց Ադրբեջան երկիրը գոյութիւն չունի»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա լրագրողների հետ զրոյցում, Գալիչեանը նշեց, որ աշխարհի բոլոր կարեւորագոյն քարտէզներում մեր երկիրը նշւած է: Մեր թւարկութիւնից 600 տարի առաջ պատկերւած Բաբելոնեան կաւէ սալիկն աշխարհում առաջին աշխարահացոյց քարտէզն է, որի վրայ նշւած է երեք երկրի անուն՝ Բաբելոն, Ասորեստան եւ Հայաստան:
«Այդ երեք երկրներից երկուսն այսօր գոյութիւն չունեն, բայց 3-րդը, որը Հայաստանն է, կայ: Այսինքն մեր անունը նշւած է աշխարհի առաջին աշխաչհացոյց քարտէզի մէջ»,- ասաց քարտէզագէտը: