Աղբիւր՝ www.yerkir.am
Հայաստանի հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն արարողակարգային հանդիպում է ունեցել Հայաստանի հանրապետութիւնում Իրանի իսլամական հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէյիսի, Հ.Հ.-ում ռազմական կցորդի դիւանագիտական առաքելութիւնն աւարտած գնդապետ Համիդ Ռեզա Միռզայի եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սէյեդ Հոսէյն Վահիդի Շէյխի հետ:
Դեսպան Ռէյիսին Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարարին ներկայացրել է նորանշանակ ռազմական կցորդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցութեանը վերաբերող, երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող, ինչպէս նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտութիւնների կարգաւորմանն առնչւող հարցեր:
Հանդիպման աւարտին Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարարը գնդապետ Համիդ Ռեզա Միռզայիին շնորհակալութիւն է յայտնել կողմերի պաշտպանական գերատեսչութիւնների համագործակցութեան զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին յաջողութիւն է մաղթել մեր երկրում իր յետագայ ծառայութիւնն իրականացնելու ընթացքում: