Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Օգոստոսի 24-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահում տեղի ունեցաւ «Փերիահայ աշուղներ» համերգ-երեկոն, որը եզրափակեց Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարութեան, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի, Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ անցկացւող «Իրանի Փէրիոյ գաւառի հայութեան օրեր Հայաստանում» ծրագիրը: Փերիահայ աշուղների ստեղծագործութիւնները ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Թովմաս Պօղոսեանի ղեկավարութեամբ:

Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն իր ելոյթում մասնաւորապէս ասաց.  «Փերիահայերի ժառանգները յիշում են Փերիան: Եւ այնքան խորը, այնքան ջինջ, այնքան տպաւորւած են եղել մեր պապերը եւ այնպէս են փոխանցել իրենց սերունդներին, որ դուք յիշում էք ձեր ծննդավայրը, ձեր պապերի ծննդավայրը: Եւ այսօր  ուզում էք բոլորին պատմել, որ Իրանում կայ մի գաւառ, որտեղ երեսունից աւելի գիւղեր 400  տարի շարունակ հայկական են եղել: Շնորհակալութիւն բոլորիդ:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորս, ամբողջ հայութիւնը աշխարհին ասում ենք եւ յայտարարում, որ մենք յիշում ենք եւ պահանջում. պահանջում ենք Հայ դատի արդարացի լուծում, պահանջում ենք, որպէսզի Թուրքիան ներողութիւն խնդրի, ճանաչի եւ զբաղւի հետեւանքների վերացման հարցերով: Պահանջում ենք, որպէսզի աշխարհում այլեւս ոչ մի տեղ ցեղասպանութիւններ չկրկնւեն: Պահանջում ենք, որպէսզի մեր անհատական,  համայնքային ազգային իրաւունքները յարգւեն: Պահանջում ենք:

Օգտւելով առիթից` ուզում եմ շնորհակալութիւն յայտնել  Հ.Հ.-ում Իրանի իսլ. հանրապետութեան դեսպան Մոհամմադ Ռէյիսիին, Թեհրանի մեր թեմակալ առաջնորդին` Սեպուհ արքեպս. Սարգսեանին, որ հովանաւորել է այս ծրագիրը: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութեանը` ազգային, հայրենանւէր գործունէութեան համար եւ պարգեւատրել Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարութեան պատւոյ գրով»:

Հ.Հ.-ում Ի.Ի.Հ. դեսպան Մոհամմադ Ռէյիսիի ողջոյնի խօսքը փոխանցեց Ի.Ի.Հ. դեսպանորդ պարոն Զամանին: Նա Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարին խնդրեց հաստատել, որ ծրագիրը կը լինի շարունակական եւ յաջորդը կը լինի «Ատրպատականի հայութեան օրեր» ծրագիրը: