Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցութեան գիր է հղել համայն եզդիների հոգեւոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծութիւն Միռե-Միռա Թահսիմ Բեգին, որը վերջինիս փոխանցւել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Աւագ արքեպս. Ասատուրեանի միջոցով:

«Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր աթոռ սուրբ Էջմիածնից մեր ցաւակցութիւններն ենք հղում ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչութեան նկատմամբ տեղի ունեցող զանգւածային կոտորածների կապակցութեամբ: Մենք խորապէս անհանգստացած ենք Իրաքի հիւսիսային շրջաններում իրականացւող անմարդկային բռնութիւնների եւ դրանց հետեւանքով բազմաթիւ զոհերի առնչութեամբ»,- ասւած է Վեհափառ Հայրապետի գրութեան մէջ:

Խստօրէն դատապարտելով եզդի ժողովրդի դէմ իրագործւող ջարդերն ու բռնութիւնները` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահութիւն է յայտնել, որ բազմադարեայ պատմութիւն ունեցող եզդի ժողովուրդը կը տոկայ եւ կը յաղթահարի իր առջեւ ծառացած այս փորձութիւնը: Նորին Սրբութիւնը նաեւ կոչ է արել միջազգային հանրութեանն ու կազմակերպութիւններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպէսզի վերահաստատւի խաղաղութիւնը Իրաքում եւ Իրաքի աստւածասէր ժողովուրդը շարունակի իր խաղաղ կեանքը հայրենի օջախներում: