Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանում ազդարարւեց Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարութեան, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի եւ Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած «Իրանի Փերիա գաւառի հայութեան օրեր Հայաստանում» միջոցառումների հանդիսաւոր բացման արարողութիւնը: Միջոցառման սկզբում ներկաները դիտեցին «Իրանի Փերիա գաւառի հայկական գիւղեր» խորագրով ֆիլմը, որը նւիրւած էր վաստակաշատ ուսուցիչ, բանասէր Լեւոն Մինասեանի յիշատակին: Ապա ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը: Նա ասաց. «Սիրելի՛ փերիացիներ, իրօք, այս միջոցառման կազմակերպումը պէտք է պատմական երեւոյթ համարել, քանի որ այդպիսով ապացուցում ենք հայ-իրանական բարեկամութեան յաւերժութիւնը, հզօրութիւնը եւ զարգացման յետագայ հեռանկարները: Հայ-իրանական յարաբերութիւնները պատմական մեծ ճանապարհ են անցել, յուսով եմ` այն դեռ դարեր կը շարունակւի. իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում Իրանի իսլամական հանրապետութեան ղեկավարութեանը` այնտեղ հայերիս բոլոր նպաստաւոր պայմաններն ստեղծելու համար, որով մենք կարողացել ենք պահպանել մեր լեզուն, մշակոյթը, ազգային դիմագիծը եւ պատմութիւնը: Այնտեղ այնպիսի պատմական յուշարձաններ ստեղծեցինք, որոնցով այսօր հպարտանալ կարելի է, այս հաւաքը սէր է առ Փերիա, առ մեր նախնիները, վստահ եմ` այս ընթացքում յագեցած օրեր էք անցկացնելու, որոնք երբեք չէք մոռանայ, երախտագիտութիւնս եմ յայտնում նաեւ Մատենադարանի տնօրինութեանը` իր հոյակերտ հաստատութեան դռները մեր առջեւ բացելու եւ ցուցաբերած աջակցութեան համար»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանի ողջոյնի խօսքը եւ Ի.Ի.Հ.-ի խորհրդարանում հայազգի ներկայ եւ նախկին պատգամաւորների ողջոյնի խօսքերը կարդաց Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութեան նախագահ Գասպար Ամիխանեանը: Իսկ Հ.Հ.-ում Ի.Ի.Հ.-ի դեսպան Մոհամմադ Ռէյիսիի ողջոյնի խօսքը փոխանցեց Ի.Ի.Հ.-ի դեսպանորդ պարոն Զամանին:

Վերջում բոլոր ներկաներն այցելեցին Մատենադարանի ձեռագրատուն` տեսնելու Փերիա գաւառի ձեռագրերը: