Աղբիւր՝ www.aztagdaily.com
Հայաստանի հանրապետութեան վարչապետ Յովիկ Աբրահամեանը ծրագրել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հանդիպել Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի վարչապետների հետ` այդ երկրների հետ յարաբերութիւններն աւելի սերտացնելու նպատակով:
«Արմէնփրես»-ի համաձայն, վարչապետն այս մասին յայտնել է 18 օգոստոսին լրագրողների եւ «Բազէ» տարեկան բանակումին մասնակցած երիտասարդների հետ մի զրոյցի ընթացքում:
Ըստ Յովիկ Աբրահամեանի, Ռուսաստանի վարչապետ Դմիթրի Մետւետեւի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումին նախնական պայմանաւորւածութիւն է ստացել, որ Ռուսիայի վարչապետը 8-9 սեպտեմբերին այցելի Հայաստան:
Նշենք, որ 21-22 օգոստոսին պաշտօնական այցելութեամբ Հայաստանում է գտնւելու Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշւիլին, որի հետ Յովիկ Աբրահամեանը քննարկելու է նաեւ ջաւախահայութեան վերաբերող հարցեր: Իսկ 15-17 սեպտեմբերին ակնկալւում է Հայաստանի հանրապետութեան վարչապետի այցելութիւնը Իրան:
«Նրանք տնտեսական առումով մեզ համար շատ կարեւոր երկրներ են, բազմաթիւ ծրագրեր կան Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի հետ կապւած: Նաեւ պէտք է անձնական ջերմ յարաբերութիւններ ստեղծել` պետական որոշ խնդիրներ աւելի դիւրութեամբ լուծելու համար»,- ասել է Յովիկ Աբրահամեանը: