Աղբիւր՝ www.asbarez.com

 

Տիգրանակերտից աւելի քան 50 ծպտեալ հայեր Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարութեան կողմից հիւրընկալւել են Հայաստանում: Օգոստոսի 5-ին, Էջմիածնի Ս. Աստւածածին եկեղեցու մէջ կայացել է նրանցից երկուսի մկրտութիւնը: Նրանք էին Ռահիմ Քարաքաշն ու Ստեփան Չելիքը, որոնցից առաջինը, մկրտւելուց յետոյ ստացաւ Անժել անունը:

Ըստ Անժելի՝ նա երկար տարիներ փափագել է մկրտւել եւ քրիստոնեայ դառնալ ու միայն Հայաստանում կայացրել է վերջնական որոշումը: «Ես երկար տարիներ փափագում էի անիրաւութեան դէմ պայքարել եւ դառնալ հայ քրիստոնեայ: Հայաստան գալուց յետոյ, շատ յուզւեցի եւ որոշեցի, որ ճիշդ ժամանակն է որոշումս իրագործելու»,- ասում է նա:

Նա ամունացել է մի թուրքի հետ ու դեռ չի իմանում, թէ ի՞նչ է լինելու ամուսնու արձագանգը իր այդ քայլի նկատմամբ: «Բայց ես, 52 տարեկան լինելով՝ այս որոշումը կայացրի, եւ նրա հիմնական պատճառներից մէկն այն էր, որ ուզեցի հօրս խնդրանքը կատարել»,- շեշտեց Անժել Քարաքաշը, որ Հայաստանում փորձելու է հայերէն սովորել:

Ստեփան Չելիքը նշեց, որ միշտ ունեցել է մկրտւելու մտադրութիւն եւ պատրաստւում էր այն իրագործել Տիգրանակերտի վերանորոգւած սուրբ Կիրակոս եկեղեցու մէջ, «բայց երբ Հայաստան գալու գաղափարն եղաւ, կէս կատակ կէս լուրջ, ընկերոջս, որ կնքւել էր սուրբ Կիրակոսի մէջ, ասացի՝ «Ես սուրբ Էջմիածնի մէջ կնքւելով «աւելի» քրիստոնեայ կը դառնամ», ու այդպէս էլ արեցի»:

Անժելի ու Ստեփանի կնքահայրն ու կնքամայրն էին Պոլսում ապրող Վարուժան Ասատուրն ու Անոյշ Ասատուրը, ովքեր նրանց հետ հանդիպել են 2011-ին, Հայաստանում կայացած Համահայկական խաղերի ընթացքում:

Ս. Մկրտութեան արարողութիւնը կատարեց Բագրատ եպս. Գալստանեանը, որ յիշեց 1937-ին թրքական մի բանտի մէջ սպանւած մի սրբազանի պատմութիւնը։ Նրան առաջարկել էին ուրանալ հաւատը՝ ողջ մնալու համար: «Բայց նա ասաց, որ սուրբ Էջմիածնի պատմութիւնը մեծ է, շատ մեծ է մեր պատմութեան մէջ, շատ թշնամական ժամանակներ են եկել ու անցել, այս ժամանակն էլ կանցնի. դո՛ւք էլ կը գնաք, ե՛ս էլ, բայց Էջմիածինը կը մնայ»,- եզրափակեց նա:

Տիգրանակերտից Հայաստան ժամանած խմբի ղեկավարը՝ քանադահայ Րաֆֆի Պետրոսեանը, նշեց, որ այնտեղ ապրում են հազարաւոր հայեր, որոնք աստիճանաբար վերադառնում են իրենց արմատներին: «Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումից յետոյ, թաքուն հայերը քաջութեամբ ի յայտ եկան, եւ իրենց քաջութիւնը տեսնելով՝ մենք կազմակերպեցինք հայերէնի դասընթացք: Յիսուն շրջանաւարտներն այսօր եկել են Հայաստան: Այժմ նրանք լեզուն հասկանալու վիճակի մէջ են, այբուբենը սովորել են եւ այստեղ շարունակւելու է լեզւի ուսուցումը: 5 օր, Սփիւռքի նախարարութեան ճամբարում, նրանք դասերի են հետեւելու, իսկ վերադառնալուց յետոյ՝ դասերը շարունակելու են Տիգրանակերտում»,- ասաց Րաֆֆի Պետրոսեանը: