Աղբիւր՝ www.asbarez.com
«Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հենք այս պահին գոյութիւն չունի»,- յայտարարել է Հայաստանի Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը Ազգային ժողովում խմբակցութիւնների ղեկավարների հետ ունեցած հանդիպումից յետոյ։ Նա հաստատել է, որ ամէն ինչ անում են՝ իրավիճակը հանդարտեցնելու ուղղութեամբ: «Այսօր ռազմաքաղաքական ղեկավարութիւնն ամէն ինչ անում է, որպէսզի լարւած իրավիճակը հանդարտեցւի: Այս օրերի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմի հենք գոյութիւն չունի»,- դիտել է տւել նա։
Անդրադառնալով այն իրողութեանը, որ մի խումբ կամաւորներ բարձրացել են դիրքեր եւ օժանդակում են զինւորներին, նախարարը նշել է, որ այսօրւայ բանակի որեւէ ծառայող ունի ռազմական վարպետութեան աստիճանը, գիտելիքներն ու փորձառութիւնը, որ ունեն նաեւ փորձառու զինւորականները: «Պարզապէս մարտական գործողութիւնների փորձառութիւնը կարող է լրացւել եւ փորձառու զինծառայողի հմտութիւնն ու այսօրւայ զինծառայողի պատրաստութեան բարձր մակարդակն այն համաձուլւածքն է, որ կարող է բերել միասնական յաջողութիւնների: Նրանք գնացել են ոգեւորելու մեր զինծառայողներին եւ դա շատ կարեւոր է: Առայժմ բանակը այս իրավիճակում՝ առանց համալրման եւ մարտական պատրաստակամութեան բարձր աստիճանի բերման ի վիճակի է իր առջեւ դրւած խնդիրները լուծելու: Դուք տեսաք՝ մեր տւած պատասխաններն այնքան հուժկու են, որ նրանք պէտք է խելքի գան: Իրավիճակն առաջնային գծում լարւած է. ցանկացած ժամանակ մեր հարեւանները, անկասկած, կարող են հրահրել սադրանքներ, որոնք կարող են վերաճել պատերազմի, բայց այսօր մենք, հանրապետութեան նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարութիւնն ամէն ինչ անում են, որ իրավիճակը հանդարտեցւի եւ գլոբալ առումով լայնածաւալ պատերազմի հենք դեռեւս գոյութիւն չունի»,- ընդգծել է Սէյրան Օհանեանը:
Անդրադառնալով Ազգային ժողովի խմբակցութիւնների ղեկավարների հետ հանդիպմանը, նախարարն ասել է, որ ներկայացւել են սահմանի վրայ տիրող իրավիճակն ու հայ զինւորների հմուտ գործողութիւնները: Նախարարը շեշտել է, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, ու այն փաստը, որ հակառակորդը բազմակի անգամ աւելի կորուստներ է ունեցել, մէկ անգամ եւս վկայում է այն մասին, որ այդ երկրի ղեկավարութիւնը պատասխանտւութիւն չի կրում մարդկանց ճակատագրերի համար:
Նախարարը նաեւ առաջարկել է Ազգային ժողովի խմբակցութիւններին՝ մասնակից լինելու պետական բանակային նախաձեռնութիւնների՝ համախմբելու բանակը, անձնակազմը, ոգեւորելու զինւորներին եւ այն ծնողներին, որոնց զաւակները զոհւել կամ վիրաւորւել են, նաեւ աշխատանք տանել նրանց օգնելու համար: