Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Օգոստոսի 3-ի դրութեամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծին եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարւած մնալ: Ադրբեջանական զինւած ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու եւ յարձակողական գործողութիւններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծութիւնները տարբեր տրամաչափի զէնքերից:

Հայկական ուժերի պատասխան գործողութիւնների արդիւնքով հակառակորդը յետ է շպրտւել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցւել են: Հ.Հ.-ի զինւած ուժերի եւ Լ.Ղ.Հ.-ի պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները վստահօրէն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:

Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարարութիւնը կրկին յայտարարում է, որ ստեղծւած իրավիճակը արդիւնքն է Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարութեան արկածախնդիր, ռազմական տեսանկիւնից չհիմնաւորւած եւ վրէժխնդրութեամբ տրամաբանւած քաղաքականութեան, որ յանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանին մարդկային զգալի կորուստների:

Ցաւօք, նախորդ օրերի ընթացքում կորուստներ ունեցել է նաեւ հայկական կողմը: Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարարութիւնն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում մարտական գործողութիւնների ընթացքում իրենց կեանքը հերոսաբար Հայրենիքին նւիրաբերած բոլոր զինծառայողների հարազատներին եւ հայ հասարակութեանը կոչ է անում Հ.Հ-ի զինւած ուժերի հետ միասին վառ պահել նրանց հերոսական անունները, որոնց գործողութիւնների շնորհիւ է, որ հակառակորդը անհամեմատ աւելի շատ կորուստներ է կրել:

Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարարութիւնն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատւութիւնը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարութեան խղճին:

Ինչպէս միշտ, ադրբեջանական ղեկավարութեան համար սեփական զինւորների կեանքը ոչինչ չի արժում:

Հայաստանի հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութիւնը յիշեցնում է, որ Ադրբեջանի զինւած ուժերի նման գործելակերպը ամբողջովին հակասում է Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի շրջանակներում հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների ոգուն ււ տրամաբանութեան եւ կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի յետագայ սրման ուղղւած քայլերից ու վրէժխնդրութեամբ տրամաբանւած գործողութիւններից: Հրադադարի խախտման որեւէ դէպք այսուհետեւ եւս կը պատժւի ամենայն խստութեամբ: