Աղբիւր՝ www.asbarez.com

 

Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան պաշտպանութեան բանակի զինծառայող Նորայր Քամալեանը անզէն դիմագրաւել է ադրբեջանական յատուկ նշանակութեան ստորաբաժանումների ուժերին եւ ստիպել վերջիններիս փախուստի դիմել: «Արմէնփրես»-ն այս մասին տեղեկացաւ Լ.Ղ.Հ.-ի Պաշտպանութեան նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Արցախեան հերոսամարտների հերոսներին արժանի լինելու փաստը հայկական բանակի զինծառայաողներն ապացուցում են իրենց իսկ սխրանքներով: Յուլիսի 31-ին հիւսիսային ուղղութեամբ մարտական հերթական հերթապահութեան իրականացնող զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտի ուղղութեամբ հակառակորդի ձեռնարկած յարձակման ժամանակ շարքային Նորայր Միքայէլի Քամալեանը ամբողջովին անզէն վիճակում կարողացել է խուճապի մատնել հակառակորդին եւ յետ մղել միջեւ ատամները զինւած ադրբեջանական խմբին: Յայտնւելով հակառակորդի անմիջական խոցման կրակային գօտում՝ Քամալեանը յարձակւում է նրանց վրայ եւ բռնւում ձեռնամարտի: Այդ ընթացքում հակառակորդի թշնամու կրակից վիրաւորւում է, բայց շարունակում ձեռնամարտը: Թշնամուց խլում մեծ քանակի զէնք-զինամթերք եւ մատնում փախուստի:

«Երբ տեսայ նրանց, ձեռքիս զէնք չկար: Յարձակւեցի եւ փորձեցի ինչքան հնարաւոր է վնաս հասցնել: Միաժամանակ գոռում եւ փորձում էի օգնութեան կանչել ընկերներիս: Բռնեցի մէկի կոկորդից եւ փորձում էի խեղդել: Այդ պահին նա հանեց դանակը եւ դէմքիս հասցրեց խաչաձեւ հարւածներ: Ես ինձ չկորցրի, չնայած, դրանից յետոյ երկաթէ «կաստետով» (կռփազէնքով) ուժեղ հարւած ստացայ ծնօտիս շրջանում: Կոտրւած ծնօտով նրան կարողացայ փռել գետնին»,- ասել է Քամալեանը:

Ապա, հակառակորդն սկսել է կրակել եւ դիմել է փախուստի: «Ափսոս, որ ձեռքիս անգամ մի դանակ չկար... Եթէ ձեռքիս որեւէ զէնք լինէր, աւելի շատ վնաս կը հասցնէի»,- յաւելում է խիզախ զինւորը: Շարքային Քամալեանն այժմ գտնւում է բժիշկների վերահսկողութեան տակ: Նրա վիճակը գնահատւում է միջին կայուն: Բժիշկները վստահեցնում են, որ կարճ ժամանակահատւածում նա կապաքինւի եւ կը կարողանայ վերադառնալ շարք: