Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ Համիդ Ասառզադեգանի հետ հանդիպմանը, կարեւորելով հայ-իրանական դարաւոր բարեկամութիւնն ու համագործակցութեան ներկայիս բարձր մակարդակն ընդգծել է, որ Երեւանի եւ Թեհրանի, Թաւրիզի ու Շիրազի միջեւ հաստատւած բարեկամական կապերը ջերմ են, փոխգործակցութիւնն էլ արդիւնաւէտ: Մարգարեանն անդրադառնալով դեռեւս 1995 թւականից մեկնարկած Երեւան-Սպահան քոյր քաղաքների միջեւ ձեւաւորւած գործընկերային յարաբերութիւններին, աւելացրել է, որ երկկողմ այցերը նպաստել են երկու քաղաքների միջեւ համագործակցութեան ընդլայնմանը, երկու ժողովուրդների միմեանց ճանաչելուն, եւ որի ապացոյցն է, որ այսօր շատ իրանցիներ բնակւում, սովորում եւ աշխատում են Երեւանում:

Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ՝ Համիդ Ասառզադեգանը վստահեցրել է, որ իր գործունէութեան ընթացքում կաշխատի հասնել Երեւանի եւ Սպահանի միջեւ կապերի էլ աւելի սերտացմանը եւ նշել է, որ երկուստեք համագործակցութիւնն ու փորձի փոխանակումն անչափ կարեւոր է, յատկապէս քաղաքային տնտեսութեան ոլորտներում: «Սպահանի ամենահայաշատ շրջանի ղեկավարը լինելով վստահեցնում եմ, որ կանեմ հնարաւորը՝ երկուստեք կապերն առաւել ամրապնդելու եւ զարգացնելու ուղղութեամբ»,- ընդգծել է Համիդ Ասառզադեգանը: