Աղբիւր՝ www.yerkirmedia.am
"Օգնիր Եղբորդ" հիմնադրամում աշխատանքային եռուզեռը շարունակւում է: Մայրաքաղաքի Դաւիթաշէն վարչական շրջանում կառուցւելիք բազմաբնակարան բնակելի շէնքի շինարարական աշխատանքներն արդէն մեկնարկել են: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Գալստեանն ասում է՝ այս շէնքը հայրենիքում ապրող սիրիահայերի մի փոքր հատւածի կեցութեան խնդրի լուծումն է՝ ինչը ողջունելի է: "Շատ ճկուն ծրագիր է: 60-120 քառակուսի մետր տարածք ենք տրամադրելու շահառուներին: Նրանք, ըստ իրենց ունեցած գումարի, կարող են ձեռք բերել 1 եւ աւելի սենեակներ ունեցող բնակարաններ",- ասաց Լիլիթ Գալստեանը: 14 յարկ ունեցող այս շէնքը կունենայ 78 բնակարան: Առաջին յարկում լինելու են նաեւ առեւտրային նշանակութիւն ունեցող տարածքներ եւ աւտոտնակներ: "Սա շատ կարեւոր սոցիալական ծրագիր է",- ասում են նախաձեռնութեան անդամները: "Սա բիզնէս ծրագիր չէ",- նշեց Լիլիթ Գալստեանը: Բնակարանները շահառուներին կը յանձնւեն ներքին բոլոր յարմարութիւններով եւ շուկայականից ցածր գներով: Շինարարներն ու հիմնադրամի անդամները խոստանում են, եթէ ամէն ինչ բարեյաջող շարունակւի, աշխատանքները կաւարտւեն պայմանագրով նախատեսւած ժամկէտում, աւելին իրենք արդէն բանակցութիւններ են սկսել քաղաքապետարանի հետ՝բնակարաններ կառուցելու համար եւս երկու տարածք ձեռք բերելու համար: