Աղբիւր՝ www.hyeli.com

 

Վրաստանում գործող «Շարժում բազմազգ Վրաստանի» կազմակերպութիւնը պայմանաւորւածութիւն է ձեռք բերել Վրաստանի Ներքին գործերի (Ն.Գ.) նախարարութեան հետ, համաձայն որի՝ ջաւախահայ երիտասարդութիւնն այսուհետեւ կը կարողանայ ընդունւել Վրաստանի Ներքին գործերի նախարարութեան ակադեմիա (Ոստիկանութեան ակադեմիա)` հետագայում Ջաւախքի ոստիկանութիւնում աշխատելու նպատակով. այս մասին Tert.am-ի հետ զրոյցում տեղեկացրել է կազմակերպութեան նախագահ Առնոլդ Ստեփանեանը:

Նրա խօսքով՝ պայմանաւորւածութիւն կայ նաեւ Վրաստանի Պաշտպանութեան նախարարութեան հետ ջաւախահայութեան մասնակցութեամբ բանակի սպայական կազմը համալրելու վերաբերեալ:

«Տեւական բանակցութիւններ ենք վարում նաեւ Վրաստանում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման հարցերով»,- ասել է Առնոլդ Ստեփանեանը՝ կարեւորելով նաեւ Վրաստանի ընտրական օրէնսգրքում իրենց առաջարկած փոփոխութիւնը՝ որով նախատեսւում է, որ քւէաթերթիկում ներկայացւած համամասնական ընտրակարգով ցուցակը բաց լինի եւ քւէարկողը կարողանայ ընտրել ցուցակում գտնւող իր նախընտրած թեկնածուին:

Կազմակերպութեան նախագահի հաւաստմամբ, Վրաստանի իշխանութիւնների՝ վիրահայերի հետ բաւականին ակտիւ համագործակցութիւնը պայմանաւորւած է նաեւ Վրաստանում Հ.Հ.-ի նախկին դեսպան Յովհաննէս Մանուկեանի ունեցած դերով ու կատարած աշխատանքով:

«Յովհաննէս Մանուկեանի բաց եւ կառուցողական աշխատանքի շնորհիւ տեղի հայութիւնը կարողացաւ ոչ միայն իմանալ Հայաստանում իրականացւող ծրագրերի մասին, այլեւ ցանկութեան դէպքում, մասնակից դառնալ դրանց: Յատկանշական է, որ նա առաջինն էր, ով մեզ մօտ ներդրեց լոբբինգի սիստեմը, ինչը, ի միջի այլոց, սկսել է բաւական յաջող գործել: Նա կարողացաւ գտնել վիրահայ մեկենասների, որոնք նպաստեցին հայապահպան աշխատանքների կեանքի կոչմանը, առողջ երկխօսութեան դաշտում քննարկումներ սկսւեցին այն անձանց հետ, ովքեր մինչ այդ խուսափում էին քննարկել ընդհանուր լուծումներ պահանջող խնդիրները»,- ասել է Առնոլդ Ստեփանեանը՝ ընդգծելով, որ այսօր դեսպանատան աշխատակազմը ձեւաւորւած աւանդոյթներով, նպատակային աշխատող թիմ է եւ ամուր յենարան կարող է լինել նոր դեսպանի համար:

Նրա խօսքով՝ յստակ օրինակների միջոցով, քայլ առ քայլ տեղի իշխանութիւններին փորձում են ապացուցել, որ կոշտ մեթոդներով հնարաւոր չէ հասնել արդիւնքի: «Օրինակ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշւիլիի ղեկավարման տարիներին Ջաւախք էին գործուղղւել վրացերէնի ուսուցիչներ, ովքեր չկարողացան իրականացնել վրացերէն սովորեցնելու առաքելութիւնը եւ յետ վերադարձան հայերէն սովորած»,- պատմել է Ստեփանեանը:

Ներկայում «Շարժում բազմազգ Վրաստանի» կազմակերպութիւնն այլ համախոհների հետ աշխատանքներ է տանում «Վրաստանի հայերի միութիւնը» վերականգնելու նպատակով, որը, Ստեփանեանի կարծիքով, այն բաւական կը փոխի հայի պատկերը Վրաստանում, ինչպէս նաեւ կը դառնայ հայ-վրացական յարաբերութիւնների հիմնասիւներից մէկը: