Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հ.Հ.-ի տեխնիկական գիտութիւնների դոկտոր Վահան Համազասպեանը յուլիսի 8-ի ասուլիսում ասել է, որ անհանգստացնող է այն փաստը, որ Իրան-Հայաստան արեւային էներգիայի արտադրելու ուղղութեամբ հետաքրքրութիւնները մամուլում քաղաքականացւում են։

Իրանական կողմն անհանգստանում է, որ իրենց հետաքրքրութեանը քաղաքական երանգ է տրւած, որ իբրեւ թէ Իրանը յայտարարել է, որ ռուսական գազի դէմ պայքարելու է, նշել է Վահան Համազասպեանն եւ աւելացրել, որ Իրանը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում արեւային էներգիա արտադրելու համար եւ «Ախթամար» արեւային սարքի միջոցով կարելի է մեծ քանակութեամբ էժան էլեկտրաէներգիա ստանալ, միայն թէ մտահոգութիւն կայ, որ իրենց կարող են խանգարել։

Իրանում արեւային էներգիայի հարցով ընկերութիւններ կան, պատրաստ են հիւրընկալել հայ մասնագէտներին, եւ փոխադարձ պայմանաւորւածութիւնների դէպքում, ներդրումների ծաւալը առարկայական կը լինի։

Նախապէս պայմանաւորւածութիւն է եղել արդիւնաբերութիւնը կազմակերպել 50/50 սկզբունքով՝ Իրանի գումարներով եւ Հայաստանի տեխնոլոգիաներով արտադրութեան 50%-ը Հայաստանում լինի, 50%-ը՝ Իրանում։

Նախընտրելի է համատեղ արտադրութիւն կազմակերպելու տարբերակը, միայն թէ չխանգարեն, նշել է նա եւ յաւելել, խօսւել է պայմանաւորւածութիւնների մասին, որ աւելի շատ գիւղմթերքներ վերամշակել արեւային տեխնոլոգիաներով, որը մեծ պահանաջարկ ունի ռուսական եւ եւրոպական շուկաներում։

Վահան Համազասպեանը նշել է նաեւ, որ գործարանը գտնւում է Սպիտակ քաղաքում եւ որ արդէն պատրաստ են երկու ամսից արտադրութիւնն սկսել։