Շաբաթ՝ սեպտեմբերի 23-ին երեկոյեան, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը հանդիպում են ունեցել Արտաքին գործերի նախարարութեան գծով խորհրդարանի, հիւպատոսական գործերի եւ արտասահմանում իրանցիների հարցով տեղակալ դոկտ. Բիգդելիի հետ։ Այս մասին յայտնում է alikonline-ir-ը։
Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի գրասենեակից տեղեկանում ենք, որ հանդիպման թեման, որը կայացել է դոկտ. Բիգդելիի գրասենեակում, եղել է՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող իրադարձութիւնները, Ադրբեջանի բանակի յարձակումն ու այնտեղ բնակւող հայերի անվտանգութեանը, կեանքին ու ֆինանսներին սպառնացող լուրջ սպառնալիքները։
Մտքերի փոխանակում է կատարւել Իրանի քաղաքականութեան, ապագայի հաւանական հարցերի ու առկայ մտահոգութիւնների մասին։ Ուստի որոշւել է, որ արտաքին գործերի նախարարութեան կողմից նկատի առնւեն պատգամաւորների եւ իրանահայ համայնքի մտահոգութիւնները, ի լրումն տարածաշրջանում զարգացումների ու տեղաշարժերի համակողմանի մոնիթորինգի ընթացքում: