Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի միջնորդութեամբ Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի յղած նամակը կը փոխանցւի Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին
Ինչպէս արդէն օրեր առաջ պաշտօնական լրատւութեամբ տեղեկացրել էինք Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը նամակներ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպէս նաեւ Եւրոխորհրդարանի խօսնակներին: Այս մասին հաղորդում է alikonline.ir-ը։
Իրանի օրէնսդիր իշխանութիւնների կողմից սպասւող հնարաւոր արձագանգներին ծանօթանալու նպատակով, հեռախօսազրոյց ունեցանք Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ, նրանից հետաքրքրւեցինք, թէ արդեօք Դաւիթ Իշխանեանի կիրառած նոր գործելաձեւը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման եւ Իրանի կողմից միջամտութեան տեսանկիւնից: Արա Շահվերդեանը նախ տեղեկացրեց, որ նամակից մի օրինակ Հայաստանի Հանրապետութիւնում յանձնւել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին եւ արդէն այստեղ երկուսով պատրաստւում են այն յանձնել Իսլամական խորհրդարանի խօսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին:
Ապա պատգամաւորը ընդգծեց, որ այսօրւայ դրութեամբ, շատ կարեւոր են տարբեր գործիքակազմերի կիրառումը եւ ըստ պատգամաւորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչութեան շահերի պաշտպանութեան առումով:
«Չնայած տարբեր անձանց ու կառոյցների կողմից հնչող դատապարտող կոչերին Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից։ Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի, Եւրոխորհրդարանի, ՄԻԵԴ-ի, Լահէի դատարանի ու այլ միջազգային կառոյցների պահանջները, իրագործելով արցախահայութեան էթնիկ զտման, սադրանքի եւ ուժի սպառնալիքի քաղաքականութիւնը»,-նշեց Շահվերդեանը՝ ընդգծելով, որ Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկւած են ազատ տեղաշարժի հնարաւորութիւնից եւ ապրում են աղէտալի պայմաններում, ոտնահարւում են նրանց հիմնարար իրաւունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրութեան ուղերձները կառուցողական դաշտ չեն բերում:
Հարցմանը թէ ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչութեամբ, Արա Շահվերդեանը նշեց, որ իրենք պատրաստւում են որպէս միջնորդ հանդէս գալ նամակի յանձնման ուղղութեամբ, որը նշանակում է, որ ուղղակիօրէն այն կը ստանայ խորհրդարանի խօսնակը:
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւորը շեշտեց, որ որպէս իրանահայութեան զոյգ պատգամաւորներ անպայման կը շարունակեն հետեւողական լինել Արցախի էթնիկ բնակչութեան շահերի պաշտպանութեան հարցերին, ընդգծելով, որ որպէս երկրի օրէնսդիր իշխանութեան մէկ մասնիկ բազմիցս դիմել են պետական անձանց, խնդրելով, տարբեր քաղաքական ու դիւանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ադրբեջանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու եւ Արցախի էթնիկ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:
Արա Շահվերդեանը ընդգծեց, որ հետամուտ ենք լինելու, որպէսզի Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի յղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խօսնակի կողմից հասցէական եւ համապատասխան արձագանգ ստանայ: