Աղբիւր՝ www.mindiaspora.am
Յուլիսի 4-ին Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Ցեղասպանութեան ճանաչման համար պայքարող թուրք մտաւորական Ռագըփ Զարաքօլուին:
Ռագըփ Զարաքօլուն Հայաստան է ժամանել «Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութիւնում. վերապրածների վկայութիւններ» արխիւային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի հիման վրայ ստեղծւած թուրքերէն միահատորեակի շնորհանդէսին մասնակցելու նպատակով: Շնորհանդէսը կայացել է յուլիսի 3-ին Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում, որտեղ ուշագրաւ ելոյթով հանդես է եկել թուրք մտաւորականը:
Նախարար Հրանուշ Յակոբեանը բարձ գնահատելով թուրք մտաւորականի ներդրումը Հայոց ցեղասպանութեան ճանաչման գրծում նշեց. «Ձեզ ընդունում ենք որպէս ազնիւ մտաւորականի, եղբօր, որ չի կարողանում ապրել կեղծիքի, ստի եւ անարդարութեան մթնոլորտում: Ցեղասպանութիւնից անցել է 100 տարի, թուրք ժողովուրդը պէտք է ազատւի այդ բեռից եւ այդ հարցում ժողովրդին պէտք է առաջնորդեն Ձեզ նման մտաւորականները»: Նա առանձնայատուկ կարեւորեց Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան մասին պատմող գրքերի, աշխատութիւնների հրատարակումը՝ շեշտելով Ցեղասպանութեան ականատեսների վկայութիւնների փաստագրման եւ հրապարակման գործում Ռագըփ Զարաքօլուի մեծ աւանդը: «Ցեղասպանութիւնը մինչ օրս շարունակւում է. Հայաստանի նկատմամբ 25 տարի շարունակւող շրջափակմամբ, հայկական Սփիւռքի հոգեկան տառապանքներով ու դեգերումներով»,- նշեց տիկին Յակոբեանը։
Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար՝ թուրք մտաւորական Ռագըփ Զարաքօլուն՝ յանուն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան վերականգնման իր պայքարը համարեց պատւոյ պայքար։ Նա տեղեկացրեց, որ շարունակում է վկայութիւնների ու ականատեսների պատմութիւնների հաւաքագրումը եւ առաջիկայում հրապարակելու է եւս 2 գիրք՝ մէկը քրդերի, միւսը՝ իսլամացած կանանց վկայութիւնների մասին: Նախարար Հրանուշ Յակոբեանը պատրաստակամութիւն յայտնեց Ռագըփ Զարաքօլուի նշած 2 գրքերի շնորհանդէսը կազմակերպել Սփիւռքի նախարարութիւնում: Ի դէպ, թուրք մտաւորականը տեղեկացրեց, որ վերսկսել է հայոց լեզւի տիրապետելու իր ընդհատւած դասընթացը, եւ յոյս յայտնեց, որ շուտով Հայաստանում հաղորդակցւելու համար այլեւս թարգմանչի կարիք չի ունենայ:
Հանդիպման ընթացքում քննարկւեցին Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման, հետեւանքների վերացման, պահանջատիրութեան, ինչպէս նաեւ ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպւելիք միջոցառումներին վերաբերող հարցեր: