Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի, ուրբաթ՝ օգոստոսի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ «Հայաստան, Արցախ, Սփիւռք՝ մենք միասին ենք ապրելու» խորագրով հանրային քննարկումը՝ մասնակցութեամբ Հայաստանից հրաւիրւած «Հայկական նախագիծ» գիտա-կրթական հասարակական կազմակերպութեան երիտասարդ ու բարձրակարգ մասնագէտներ՝ արեւելագէտ եւ պատմական գիտութիւնների թեկնածու Սերգէյ Մելքոնեանի, քաղաքագէտ եւ Երեւանի Պետական համալսարանի հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակեանի, կովկասագէտ եւ Հայ-ռուսական համալսարանի դասախօս Կարէն Իգիթեանի եւ թուրքագէտ ու պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանի:
Ծրագիրն սկիզբ առաւ մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ՝ յանուն հայրենիքի պաշտպանութեան ընկած հերոսների եւ օրեր առաջ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթիւնից զոհւած հայրենակիցների յիշատակին, այնուհետեւ՝ հանդիսավար Մեղրի Ղուկասեանի բացման խօսքով: Յաջորդիւ ցուցադրւեց Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի միջոցով պատրաստւած տեսանիւթը, ուր արտացոլւած էին չորս բանախօսների տեսակէտներից ու գրառումներից հատւածներ։
Վերլուծական ելոյթների առաջին բաժնում նախ Վարուժան Գեղամեանը բացատրութեամբ հանդէս եկաւ «Հայկական նախագիծ» գիտա-կրթական հասարակական կազմակերպութեան շուրջ: Նա մատնանշելով, որ կազմակերպութեան գործունէութիւնը ընթանում է հետեւեալ չորս ուղղութիւններով՝ հետազօտական, կրթական, տեղեկատւական եւ հանրային իրազեկման, ընդգծեց, թէ այս ծրագիրն իրականացւում է սոյն կազմակերպութեան գործունէութեան հանրային իրազեկման ոլորտում:
Էդգար Էլբակեանն անդրադառնալով Հայաստանի այսօրւայ էլիտա խաւի կառուցւածքին՝ ասաց, որ հակառակ այն իրողութեանը, որ էլիտաները կոփւում են պայքարի մէջ, մեր երկրի ներկայ էլիտան դուրս է եկել Հայաստանում աշխատող արեւմտեան կառոյցների շարքերից, որոնք են NGO-ները, հիմնադրամները եւ այլն. նրանց պայքարը այն ժամանակաշրջանում երբ դեռ իշխանութեան գլուխ չէին անցել, միանշանակ հակապետական եւ հակազգային է եղել, քանի որ ուղղւած է եղել ազգային եկեղեցու, ազգային պատմութեան, ազգային իշխանութիւնների եւ առհասարակ Հայաստանի քաղաքական եւ կուսակցական համակարգի դէմ, իսկ իշխանութեան գլուխ անցնելով նրանք սկսեցին թիրախաւորել այն անձանց եւ կառոյցները, որոնց դէմ ժամանակին խօսում էին: Նա աւելացրեց նաեւ, որ նշւած էլիտայի խօսքերի մէջ շատ մեծ տեղ է գրաւում պրո-թուրքականութիւնը. նրանք յաճախ բառացի կրկնում են այն ինչ արտայայտում է Թուրքիան եւ Ադրբեջանը:
Կարէն Իգիթեանն անդրադառնալով ներկայ իշխանութեան կողմից դրսեւորւած այն քաղաքականութիւններին, որոնք հանգեցրին Հայաստանի յարաբերութիւնների վատացմանը Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի հետ, մատնանշեց նաեւ 2018 թւականից սկսեալ ռազմական ոլորտում նրանց գործողութիւնները, որոնք միանշանակ նպաստեցին բանակի թուլացմանը եւ մարտունակութեան նւազմանը: Նա աւելացրեց նաեւ, որ հայկական բանակը չի ջախջախւել մարտի դաշտում, այլ ջախջախւել է մինչեւ 2020 թւականը՝ հէնց իշխանութեան միջոցով: Պրն. Իգիթեանը նշելով, որ այժմ Հայաստանի իշխանութիւնը համակարգւած կերպով մեզ տանում է անզօր եւ անպաշտպան լինելուն, աւելացրեց, թէ դա այդպէս չի լինելու եւ հայկական բանակը կարող է վերազինւել եւ արդիւնաւէտ աշխատել, եթէ իշխանութեան գլուխ անցնի ազգային կառավարութիւն:
Սերգէյ Մելքոնեանը դաշնակիցների հետ յարաբերութիւնը նմանեցնելով մի ծառի, որը շարունակ խնամելու կարիք ունի, աւելացրեց, թէ Հայաստանը Իրանի եւ Ռուսաստանի հետ իր յարաբերութիւնները զարգացնելու փոխարէն շարունակական խզում է դրանք, իսկ միւս կողմից Ադրբեջանը հետեւողականօրէն ոչ միայն իր ռազմա-քաղաքական յարաբերութիւնները Թուրքիայի հետ շատ բարձր մակարդակի հասրեց, այլ նաեւ համատեղ պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ:
Պրն. Մելքոնեանն անդրադառնալով նաեւ Հայաստանի իշխանութեան քաղաքականութեանը՝ սփիւռքի հանդէպ, շեշտեց. «Սփիւռքը գլխաւոր սպառնալիքն է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների զարգացմանը, քանի որ սփիւռքն իր օրակարգում ունի Հայ Դատը եւ Արցախի հիմնահարցը: Այսօրւայ իշխանութիւնը սփիւռքը նկատում է որպէս սպառնալիք: Մինչեւ 2018-ը Հայաստանի դեսպանների օրակարգում կային Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցերը, այսօր ոչ միայն այդ երկու հարցերը դուրս են մղւել ԱԳՆ-ի եւ դեսպանատների օրակարգերից, այլեւ օրակարգում դրւել է հետեւեալը՝ խոչընդոտել նշւած երկու հարցերի ուղղութեամբ սփիւռքի քայլերը: Ստեղծւած իրավիճակում սփիւռքի ձայնն ու պայքարը շատ կարեւոր են ազգային ուժերի պայքարի համար»:
Այնուհետեւ Վարուժան Գեղամեանն ամփոփելով նախորդ երեք բանախօսների ելոյթները՝ կարեւորութեամբ ընդգծեց. «Եթէ մենք համաձայնենք նախապայմաններին, ինչի մասին ակտիւ քարոզւում է այսօր, դրանց գործադրւելուց յետոյ, ոչ թէ հանգիստ ենք ապրելու, այլ նոր նախապայմաններ են օրակարգի վրայ դրւելու. ինչպէս փաստը ցոյց է տալիս, թէ մասամբ կամ լիարժէք կատարւել են երեք նախապայմանները՝ հայկական զօրքերի Արցախից դուրս բերումը, Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարւելը եւ ըստ Կարսի պայմանագրի՝ տարածքների ամբողջականութեան ճանաչումը, բայց դրանց շարունակութեան մէջ գալիս են նոր նախապայմաններ: Ամէն զիջումից յետոյ շատ աւելի դժւար է լինելու նոր զիջումին դիմադրելը եւ հէնց սրա մէջ է թուրքական տակտիկան»:
Պրն. Գեղամեանն իր խօսքում անդրադառնալով Հայաստանի իշխանութեան կողմից սփիւռքի թիրախաւորման եւ պառակտման ուղղութեամբ գործադրւող քաղաքականութեանը՝ շեշտեց յատկապէս, թէ այս պայքարի կարեւորագոյն ճակատը հայկական սփիւռքն է, ոչ միայն առկայ հարցերը բարձրաձայնելով, այլ նաեւ դրանց շուրջ հնարաւոր ջանքերի համատեղումով ու պայքարով:
Միջոցառման երկրորդ բաժնում սպառիչ պատասխաններ տրւեցին ներկաներին յուզող խնդիրներին:
Երեկոյին ներկայ էին՝ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց դպրոցների ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներից ժողովուրդ։
Թղթակից (Նոր Ջուղա)