«Հայոց տաղաւարահարաց տօնն է Ս. Թադէի եռօրեայ ուխտագնացութիւնը»
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
68-րդ տարին թեւակոխեց արդէն Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնած եռօրեայ ուխտագնացութիւնը, որը բացառիկ երեւոյթ է Հայ Առաքելական եւ ընդհանրապէս քրիստոնէական եկեղեցու կեանքում:
Պատմական Արտազ գաւառում Ս. Թադէոս Առաքեալի վանքի կամարների տակ, 1954 թւականից սկսած այս պաշտօնական ուխտագնացութիւնը, ամէն տարի իւրայատուկ ապրումներով եւ հոգեւոր ու ազգային իր մթնոլորտով գօտեպնդում է համայն իրանահայութեանը, յատկապէս Ատրպատականցի հային, ինչու չէ նաեւ հեռաւոր երկրներում ապրող հազարաւոր հայերին, որոնք երբեմն անձամբ ներկայ գտնւելով եւ երբեմն հեռակայ կարգով հետեւում են սոյն ուխտաւորութեան:
Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, 68-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 28-30 յուլիսի 2022 թ.-ին: Ըստ Ատրպատականի ազգային առաջնորդարանի տեղեկացնում է «alikonline.ir»-ը:
Ատրպատականի տարբեր շրջաններից՝ Թաւրիզից, Ուրմիայից, Սալմաստից, Իրանի տարբեր շրջաններից՝ Թեհրանից, Սպահանից, Ահւազից, Արաքից, Անզալիից եւ այլ քաղաքներից, ինչպէս նաեւ արտասահմանից շուրջ 4 հազար ուխտաւորներ ժամանեցին Ս. Թադէոս Առաքեալի վանքը, սկսեալ 27 յուլիսի 2022 թ.-ից, մասնակից լինելու եկեղեցական արարողութիւններին, հանդիսաւոր սուրբ պատարագին, ազգային տօնախմբութեամբ կատարելու Վանքի Ուխտի օրը:
Անցեալ տարիների աւանդութեան համաձայն, Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի կողմից հարիւրաւոր վրաններ էին լարւեց Ս. Թադէի վանքի շրջակայքում, հիւրընկալելու համար բոլոր ուխտաւորներին: Ուխտաւորներից ոմանք, հեռաւոր շրջաններից լինելով, չորեքշաբթի 27 յուլիսի 2022 թ.-ից արդէն ժամանել էին վանք եւ յարդարել իրենց վրանները, մէկ օր եւս ապրելու Ս. Թադէի սրբացնող ու վեհ միջավայրում:
Հոգեհանգստեան կարգ՝ Իրանի հայ նահատակաց
Ատրպտականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան վանք ժամանեց ուրբաթ, 29 յուլիսի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին: Դէպի վանք տանող ճանապարհի սկզբնաւորութեան, ճիշտ դարձւածքի վրայ, կանգնւած է մի յուշարձան, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում զոհւած հայ նահատակների յիշատակին: Սրբազան Հօր մեքենաների շարասիւնը ճիշտ այս վայրում կանգ առնելով, Սրբազան Հայրը «Հոգւոց» աղօթք կատարեց Իրանի բոլոր նահատակների եւ յատկապէս հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար: Սոյն արարողութեան ներկայ գտնւեց նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, եւ նոյն առիթով արտայայտւեց, իր յարգանքի տուրքը ընծայելով Իրանի նահատակաց:
Վերօծում Սուրբ Սանդուխտ Կոյսի վերանորոգեալ մատռան
Անցեալ երկու տարիների ընթացքին, Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան միջոցներով եւ հսկողութեամբ Իրանի եկեղեցիների պահպանութեան գրասենեակի տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանի, հիմնական վերանորոգութեան էր ենթարկւել Ս. Սանդուխտ Կոյսի վկայարան մատուռը, կառուցւած նրա չարչարանաց եւ նահատակութեան վայրի վրայ, վանքից մի քանի հարիւր մետր հեռաւորութեամբ:
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, Սրբազան Հայրը ուղղւեց դէպի սոյն մատուռը եւ ուխտաւոր ժողովրդի հետ բարձրացաւ բլուրը: Եկեղեցական յատուկ կարգով կատարւեցին լւացումները՝ ջրով եւ գինիով, եւ ապա Սրբալոյս Միւռոնով օծւեց եկեղեցու նոր խորանը, ինչպէս նաեւ մուտքի դռան վիմաքարի նոր արձանագրութիւնը: Խորանի վրայ Սրբազան Հօր սպասարկում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը:
Սրբազան Հայրը պատմական պահի ընթացքում, կարդալուց յետոյ մեր հայրերի խմբագրած սուրբ աղօթքները եկեղեցու օծման առթիւ, սրտի խօսք ուղղեց ներկայ ուխտաւորներին. «Ինչքա՜ն երջանիկ եւ ընտրեալ էք զգալու դուք այս պահին, որ ներկայ էք այս վեհավայրում: Հայ եկեղեցու առաջին նահատակն է, հայ նախավկան է Սուրբ Սանդուխտը, որ իր հօր արքունի փառքը անտեսեց եւ իր սէրը վերապահեց երկնային հարսանիքին, Քրիստոսի նւիրելով այն»,- ասաց նա, խնդրելով որ ներկայ ուխտաւորներ իրենց աղօթքների մէջ յիշեն բոլոր նրանց, որոնք աշխարհի խաբուսիկ փառքերով են տարւած, մոռանալով երկնային հարստութիւնը: Նաեւ խնդրեց նա, որ ներկայ հաւատացեալները աղօթեն նրանց համար, որոնք աշխարհագրականօրէն հեռու են սրբացնող այս օրերից, եւ ինչքա՜ն կը փափագէին ներկայ գտնւել հոգեպարար սոյն արարողութիւններին:
Ժողովրդական դիմաւորութիւն վանքի մուտքին
Սուրբ Թադէի վանքի մուտքին հաւաքւած ուխտաւորներ ծափողջոյններով եւ զանգի ղօղանջի ներքոյ դիմաւորեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին: Վանք ժամանաման առաջին պահին, Սրբազան Հայրը օրհնեց իրեն մատուցւած «Աղուհաց»-ը, մաղթելով որ հայի սեղանից եւ հայ կեանքից երբեք չպակասի աղն ու հացը, օրհնւած լինեն բոլոր հայ ընտանիքները, մեր ժողովուրդը եւ հայրենիքը:
Թափօրը տաճար ուղղւելով, Ս. խորանի առջեւ տեղի ունեցաւ Կանոնական աղօթքը: Երկրպագութիւնից յետոյ, Սրբազան Հայրը ողջունեց ներկայ ուխտաւորներին, իր գերազանց ուրախութիւնը յայտնելով այն սքանչելի երեւոյթին, որը այս տարի վերստին պարզւել էր վանքի շրջակայքում. «Երբ մօտեցանք Վանքին, ձեր վրանները տեսայ մեր զոյգ գմբէթների հովանու ներքոյ: Այս վրանաքաղաքը ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ ձեր հաւատքի խոր արտայայտութիւնը: Ինչ ուխտ որ ունէք, ձեր հարազատների, ձեր զաւակների, ձեր անձի, նոյնիսկ անծանօթների համար, թող Աստւած ընդունի եւ կատարի: Բարի սրտից բխած ուխտը, անուշաբոյր խունկի նման ընդունելի է լինում Աստծու մօտ»,- ասաց Սրբազան Հայրը, սրտապնդելով բոլոր ուխտաւորներին, անկեղծ հաւատքով ու վստահութեամբ դիմելու Երկնաւորին, Ս. Թադէոսի եւ Ս. Սանդուխտի բարեխօսութեամբ:
Հանդիսաւոր բացում վանքի վերանորոգեալ ձիթհանի
Երեկոյեան ժամը 4-ին, նախագահութեամբ եւ ձեռամբ Սրբազան Հօր, բացումը կատարւեց վանքի վերանորոգեալ ձիթհանի: Պատմական այս անկիւնը վաղուց փակ էր մնացել, կիսակործան դրութեան մէջ գտնւելով: Իրաի Մշակութային ժառանգութեան եւ Իրանի եկեղեցիների պահպանման պետական գրասենեակի աշխատանքով, ձիթհանը ամբողջութեամբ վերանորոգւեց, պահպանելով իր նախկին տեսքը եւ միեւնոյն՝ հին աշխատելաոճը:
Բացման հանդիսութեան ներկայ գտնւեցին Սրբազան Հայրը, Չալդրանի կուսակալը, Փոքրամասնութիւնների Ատրպատականի Արեւելեան եւ Արեւմտեան նահանգների բարձրաստիճան պատասխանատուները, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ինչպէս նաեւ ուխտաւորների հոծ բազմութիւն:
Սրբազան Հայրը մուտքի ժապաւէնը հատեց, եւ ապա Կուսակալի հետ միասին ներկաները մուտք գործեցին առաջին սրահը, որտեղ աղացող զոյգ հսկայական քարերն էին զետեղւել:
Բացման եւ բացատրական խօսքով ելոյթ ունեցաւ դոկտ. Շերլի Աւետեանը, նախ շնորհակալութիւն յայտնելով առաջնորդ Սրբազան հօր եւ պետական բոլոր կառոյցներին, որոնք քաջալերել եւ հովանաւորել էին վերանորոգութեան սոյն ծրագիրը: Նա յայտնեց, որ ձիթհանը իր պատմական աշխատելաոճով նկարագրւել է տեսաժապաւէնի վրայ, որը տեղի վրայ ցուցադրւեց ներկաներին: Սոյն շարժանկարային պաստառը մնայուն ցուցադրւելու է ձիթհանի առաջին սրահում, բոլոր այցելուներին առ ի տեղեկութիւն: Երկրորդ սրահ մուտք գործելով, ներկաները պատերին ամրացւած գծանկարային մասնագիտական պատկերների միջոցով ծանօթացան վերանորոգման աշխատանքի փուլերին: Այստեղ Իրանի եկեղեցիների պահպանման գրասենեակի տնօրէնութեան կողմից գնահատական յուշատախտակ յանձնւեց նոյն հիմնարկութեան ժրաջան աշխատակից Ալէն Գրիգորեանին, որը մօտկից հսկել էր սոյն բաժնի վերանորոգչական աշխատանքներին, շաբաթներ ամբողջ, նոյնիսկ ցուրտ ձմեռ օրերին մնալով Վանքում:
Ձիթհանի բոլոր բաժիններին ծանօթանալուց յետոյ, Սրբազան Հայրը խօսք առաւ եւ օրհնեց տարւած աշխատանքը, ու Վանքի սոյն պատմական անկիւնի վերակառուցումը եւ շքեղապէս ներկայացումը հանրութեան, ասելով. «Մեր Վանքում ոչ մի փլատակ կամ կիսակործան տեղ չի՛ մնալու: Մեր հայրերի ժառանգ թողած Վանքի պատասխանատուներն ենք մենք բոլորս: Ս. Թադէի Միաբանութիւնը Վանքի վարելահողերից եւ ձիթհաններից եկամուտ է ստացել եւ օգնել ժողովրդին: Խոյում, Մակույում եւս ձիթհաններ է ունեցել մեր այս Վանքը: 1721-ին, Սբ. Թադէի առաջնորդ Մատթէոս վարդապետի ջանքերով ջրաղաց եւ ձիթհան է գնւում: Աւելի ուշ՝ 1903-ին Գէորգ վրդ. Նալբանդեանը, յեղափոխական ծածկանունով՝ Ընծայր, արձանագրում է, որ Վանքը երկու հատ ձիթհան գործիք ունի, ինչպէս նաեւ մէկ տասնեակ կաթնատու կենդանիներ, որոնք բաւարարում են Վանքի տնտեսական կարիքները: Դժւար օրերը գնացել են, ինչպէս նաեւ կեանքից հեռացել են այն մարդիկ, որոնք այս ամէն կտակել են մեզ: Սակայն մեր նւիրական պարտաւորութիւնն է մեր աչքի լոյսի նման պահպանել այն, ինչ որ նրանցից յիշատակ է մնացել մեզ»,- ասաց Սրբազան Հայրը:
Խօսք առաւ Չալդրանի կուսակալը, բարձր գնահատելով հետեւողական այն բծախնդիր աշխատանքը, որը կատարւել էր Վանքում անցեալ երկու տարիների ընթացքում: Պատգամաւոր Արա Շահվերդեանը, իր հերթին գնահատեց պետական կառոյցների հովանաւորութիւնը եւ նիւթական առատաձեռն օժանդակութիւնը:
Այնուհետեւ բացման հանդիսութեան մասնակից ուխտաւորները հերթաբար մուտք գործեցին ձիթհանի բաժինը եւ մեծ տպաւորութիւն ստացան տարւած վերանորոգչական հսկայական աշխատանքից: Յայտնենք, որ ձիթհանի մուտքին նստել էր մի տարեց հացթուխ, որը հայկական լաւաշ էր թխում պատրաստւած յատուկ թոնրում եւ բաշխում էր բոլոր փափագող ուխտաւորներին:
Բացում՝ ԻՒՆԵՍԿՕ-ի «ո՛չ քարեղէն իրեր»-ի գրանցման ցուցահանդէսի
Սրբազան Հայրը եւ բոլոր ուխտաւորները ուղղւեցին դէպի տաճարի հիւսիսային շրջափակը, որտեղ ցուցահանդէսների սրահում բացումը կատարւեց ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից վերջին ժամանակաշրջանում գրանցւած «ո՛չ քարեղէն իրեր»-ի ցուցահանդէսի:
Յայտնենք, որ սոյն գրանցումների թագն ու պարծանքն է հանդիսանում մեր Սուրբ Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, որը 2020 թւականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցաւ: Այս առիթով առաջնորդ Սրբազանը իր սրտի գնահատական խօսքը ուղղելով ասաց. «2020 տարւայ դժւարին օրերին, երբ աշխարհը համատարած տագնապի էր մատնւել, մեր թեմի եւ ընդհանրապէս մեր ազգի համար մեծ մխիթարութիւն եղաւ Իւնեսկոյի կողմից գրանցումը Ս. Թադէի եռօրեայ ուխտագնացութեան: Թէպէտ ուխտաւորները չկարողացան գալ այս սրբավայրը, սակայն մենք եկանք եւ աղօթեցինք բոլորի համար, միաժամանակ աղօթեցինք, որ մի օր դարձեալ կարողանանք կատարել մեր եռօրեայ ուխտագնացութիւնը: Աստւած լսեց մեր բոլորի աղօթքը»,- ասաց Սրբազան Հայրը եւ փառք տւեց Աստծուն:
Ներկայ ուխտաւորները շրջագայեցան սրահում, ցուցադրւած նկարների միջոցով հետեւելով գրանցւած նիւթերին, յատկապէս Ս. Թադէի եռօրեայ ուխտագնացութեան պատկերներին:
Հսկումի ժամերգութիւն
Ուրբաթ երեկոյեան ժամը 5-ին, կատարւեցին երեկոյեան եւ ապա Գիշերային ժամերգութիւնները, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ բարեպաշտ ուխտաւոր ժողովրդի:
Խորանի աջ կողմում, ամէն տարւայ աւանդութեան համաձայն զետեղւել էր հսկայ խաչափայտ, մեխերով պատւած, որի վրայ հաւատացեալներ զետեղում էին իրենց աղօթքներն ու խնդրւածքները, խնդրելով Ս. Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի բարեխօսութիւնը:
Յայտնենք, որ քահանայ հայրերը ուրբաթ եւ շաբաթ օրերին նաեւ մկրտութեան արարողութիւններ կատարեցին, իրենց երեխաները Վանքում կնքելու ուխտ ունեցող ընտանիքների փափագը իրականացնելով: Խորհրդակատարութիւններից բացի, նրանք նաեւ աղօրհնէք կատարեցին մատաղացու ոչխարների զենման համար: Հետաքրքրիր էր նաեւ ժողովրդի զօրեղ հաւատքը, կրծքախաչերի օրհնութիւն հայցող: Հանդիպած հոգեւորականին դիմում էին նրանք, իրենց նոր գնած խաչերի համար հոգեւոր օրհնութիւն խնդրելով, որոնց ընդառաջում էին ուխտագնացութեան մասնակից բոլոր հոգեւորականները, սկսած առաջնորդ Սրբազանից:
Գեղարւեստական ծրագիր վանքում
Ուրբաթ օր, երեկոյեան ժամը 9-ին, վանքի հիւսիսային շրջափակում տեղի ունեցաւ գեղարւեստական ծրագիր, կազմակերպութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի, եւ համագործակցութեամբ Նայիրի Դիլանեանի, որը ստացաւ ազգային նւագի եւ երգ ու պարի փառատօնի տեսք:
Շերլի Աւետեան զեկոյց տւեց վերանորոգութիւնների այն հսկայածաւալ աշխատանքից, որը իրականացւել էր ԻՒՆԵՍԿՕ-ի գիտութեամբ եւ Իրանի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան նիւթական աջակցութեամբ: Խօսքին ընկերակցում էր ցուցադրւող տեսաժապաւէն, աշխատանքիների բոլոր փուլերը ներկայացնող: Այնուհետեւ գեղարւեստական բաժնով ելոյթ ունեցան հայրենի վարպետ դուդուկահարներ Յովհաննէս Խուդավերդեանը եւ Յովհաննէս Մանուկեանը, Վանքի գիշերային խորհրդաւորութիւնը բազմապատկելով:
Ատրպատականից, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախումբը, գեղարւեստական ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի եւ անմիջական հսկողութեամբ Նայիրի Դիլանեանի, հրաշալի ելոյթ ունեցաւ: Հայոց տառերին նւիրւած երգ կատարեց Ռեբեկա Սարգիսեանը, երգեհոնի ընկերակցութեամբ Կարէն Սարգիսեանի, որից յետոյ դարձեալ ելոյթ ունեցաւ պարախումբը: «Երկիր Նայիրեան» երգի գիթառի ներդաշնակեալ կատարումը հանդիսատես ուխտաւորներին մատուցւեց թաւրիզահայ յայտնի երաժիշտ-գիթառահար Սեւան Գասպարեանի միջոցով, որից յետոյ Գ. Էմինի «Սասնայ պարը» այնքան ապրումով ասմունքեց Նայիրի Դիլանեանը, ընկերակցութեամբ դուդու: Գեղարւեստական ծրագիրը իր աւարտին հասաւ ազգային պարերի եւ դուդուկի կատարումներով: Շնորհակալական խօսքով ելոյթ ունեցաւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը: Նա գնահատեց հայ ուխտաւորի անշահախնդիր ու սիրալիր ներկայութիւնը վանքում, քաջալերելով, որ որբ չթողեն մեր վանքերը եւ միշտ ներկայութիւն լինեն մեր սրբավայրերում:
Իր գնահատանքի եւ գոհունակ սրտի արտայայտութիւնը ունեցաւ Սրբազան Հայրը. «Ինչպէ՞ս եզրափակել այսքան գեղեցիկ երեկոն: Բացի հայրենի զոյգ արւեստագէտներից, որոնք հայրենի շունչ հաղորդեցին այս սրբավայրին, մնացեալ բոլոր երիտասարդները՝ երգ, նւագ, ասմունք ու պար ներկայացնող, բոլորն էլ Ատրպատականի մեր թեմի զաւակներն էին: Ուրեմն, ես բնաւ չեմ արտօնի, որ որեւէ մէկը Ատրպատականին մէկ աչքով նայի: Քանակը ոչինչ չի ասում, որակն է կարեւորը եւ դուք այս գիշեր ծանօթացաք մեր թեմի երիտասարդութեան բարձր որակին»,- ասաց Սրբազան Հայրը: Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի անունից եւ Սրբազան Հօր ձեռամբ դոկտ. Շերլի Աւետեանին յանձնւեց մի յուշատախտակ: Սրբազան Հայրը միաժամանակ գնահատեց բոլոր մասնակիցներին, որոնք մեծ դժւարութիւններ կրելով նախապատրաստւել էին այս գիշերւան:
Մինչեւ գիշերւան ժամը 12-ը տեւած գեղարւեստական ծրագիրը յագեցրեց հայ ուխտաւորի երկու տարիների ծարաւը, յատկապէս մասնակից արւեստագէտների բարձրորակ կատարումով:
Պաշտօնական հանդիպում՝ պետական վրանի տակ
Յաջորդ օրը, շաբաթ 30 յուլիսի 2022 թ.-ի առաւօտեան, վանքի մօտակայքում լարւած պետական հսկայ վրանի ներքեւ պաշտօնական հանդիպում կայացաւ Սրբազան Հօր եւ պետական ներկայացուցիչների միջեւ, ներկայութեամբ Թեմական խորհրդի, Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի անդամների, Իրանի եկեղեցիների պահպանման պետական կենտրոնի տնօրէն Շերլի Աւետեանի եւ հիւրերի:
Հանդիպման վայրը ժամանեցին Չալդրանի կուսակալը, ընկերակցութեամբ Արեւմտեան Ատրպատականի Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուների, Մշակութային ժառանգութիւնների տնօրէնութեան, գնդապետների, ապահովական մարմնի պատասխանատուների, Ատրպատականի Արեւելեան նահանգի Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի տնօրէնի եւ պետական այլ անձնաւորութիւնների: Հանդիպմանը ներկայ գտնւեցին պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ հիւրաբար վանքում գտնւող, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արսէն Աւագեանը:
Սրբազան Հայրը նախ խօսք առնելով, փառք տւեց Ամենակալ Աստծու, որ համաշախարհային մեծ փորձանք-փորձառութիւնից եւ երկու տարւայ ստիպողական դադարից յետոյ, 68-րդ տարին լինելով կազմակերպւեց եռօրեայ ուխտագնացութիւնը. «Մեր աղօթքը չդադարեցրինք: Ամենաուժեղ զէնքը աղօթքն է, որը կարող է լուծում բերել մեր կեանքի բոլոր դժւարութիւններին: Այս վանքում, որ քրիստոնեայ աշխարհի առաջին եկեղեցին եւ վանական համալիրն է, միշտ աղօթելու ենք, որովհետեւ աղօթքը կրօնական տարբերութիւն չի՛ ճանաչում: Միայն անհաւատ ու անկրօն մարդիկ աղօթք չունեն»,- ասաց Սրբազան Հայրը, աւելացնելով, որ սոյն Վանքը Իրանում մեր «ինքնութեան թուղթն է, որը գոյութիւն ունէր նախքան իսլամական կրօնը…»: Սրբազան Հայրը անձնապէս եւ հայ ժողովրդի անունից երախտագիտութիւն յայտնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան կրօնական առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէին եւ պետական ամբողջ անձնակազմին, Իրանում մեր ժողովրդի վայելած կրօնական ազատութեան համար, որի ցցուն օրինակներից մէկն է Ս. Թադէի եռօրեայ ուխտագնացութիւնը: Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Մշակութային պահպանման պետական հիմնարկութեան կատարած վերանորոգութեան հսկայական աշխատանքը, ինչպէս նաեւ Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական գրասենեակի բծախնդիր մօտեցումը մեր սրբավայրերի բարեզարդման գործին: Եռօրեայ ուխտագնացութեան կազմակերպական աշխատանքների համար Թեմական խորհրդի կողմից նորանշանակ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի աշխատանքը եւս գնահատեց Սրբազան Հայրը, որոնք հարիւրաւոր վրաններ լարելով անցեալ շաբաթւայ ընթացքում, երեք օրերի համար հիւրընկալել էին մեծաթիւ ուխտաւորներ:
Երախտիքի խօսք ուղղելով Չալդրանի կուսակալին, Սրբազան Հայրը բարձր գնահատեց նրա պատրաստակամութեան ոգին. «Աշխարհը այսօր խառնւել է: Հիւանդութիւն, պատերազմ եւ թշնամանք: Իրանում մեր ապրած այս օրերը թող խաղաղութեան ու համերաշխութեան օրինակ հանդիսանան համայն աշխարհին, թէ ինչպէս կարող ենք կրօնապէս, լեզւով ու մշակոյթով տարբեր լինելով, միասնաբար ապրել Իրանի Իսլամական Հանրապետութիւնում»,- շեշտեց Սրբազան Հայրը: Իր խօսքում կուսակալը բարձր գնահատեց մեր ժողովրդի կապւածութիւնը եւ հաւատքը, որ համաճարակից յետոյ այսքան մեծ թւով ներկայ է սոյն ուխտագնացութեան: Խօսք առաւ նաեւ պատգամաւոր Արա Շահվերդեանը, շնորհակալութիւն յայտնելով ե՛ւ պետական պատասխանատուներին՝ իրենց օժանադակութեան համար, ե՛ւ թեմի ազգային իշխանութեան, ե՛ւ Իրանի եկեղեցիների պահպանման գրասենեակին, բարձրորակ կազմակերպւածութեան համար: Նա այս առիթով յուշանւէրներ յանձնեց բոլոր օժանդակ մարմիններին:
Յայտնենք, որ պետական պատասխանատուները սոյն հանդիպումից քիչ անց ներկայ գտնւեցին սուրբ պատարագի առաջին մասին եւ յարգեցին հայ ուխտաւոր ժողովրդին, մասնակից լինելով նրանց աղօթքին:
Ուխտի սուրբ պատարագ՝ տաճարում
Շաբաթ, 30 յուլիսի 2022 թ.-ին, ուխտագնացութեան վերջին օրը, առաւօտեան ժամը 11-ին, Ս. Թադէի վանքի տաճարում եպիսկոպոսական հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց եւ պատգամեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը: Խորանին սպասարկում էին քահանայ հայրը եւ սարկաւագներ: Ս. պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Ս. Խորանին սպասարկում էին թեմի սարկաւագաց եւ դպրաց դասերը՝ զոյգ բուրվառով, քշոցակրութեամբ, կերոնակրութեամբ եւ մոմակրութեամբ:
Թեմակալ առաջնորդը իր հոգեւոր պատգամը յղելով ներկայ ուխտաւորների բազմութեան, փառք ու գոհութիւն յայտնեց Երկնաւոր Հօր, խաղաղ պայմաններում սոյն ուխտագնացութեան կայացման համար. «Անցեալ երկու տարիների, տամկացած աչքերով աղօթեցինք այս տաճարում, ուխտաւորների բացակայութեան: Ծնրադիր խնդրեցինք Աստծուց, որ մեզ դարձեալ արժանի դարձնի այս հոգեշէն պահը ապրելու՝ Ի՛ր փառքի համար: Հազա՜ր փառք Աստուծոյ, որ արժանի դարձանք ուխտի գալու այս սրբավայրը: Շատեր յուսալքւեցին, ուրիշներ դասալքւեցին, բայց ո՞ւր է մեր հաւատքը»,- ասաց Սրբազան Հայրը, օրւայ բնաբանը՝ «Հաւատք քո կեցուցին զքեզ» այժմէական շնչով մեկնաբանելով:
Աւարտին, նա շնորհակալութիւն եւ գնահատանք յայտնեց Ազգային կառոյցներին՝ Պատգամաւորական ժողովին եւ Թեմական խորհրդին, հոգեւորականաց եւ Սարկաւագաց ու Դպրաց դասերին «Կոմիտաս» երգչախմբին, Խնամակալ մարմինին, Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբին, եւ Հ.Մ.Ա.Կ.-ի կարգապահներին եւ Սկաւուտական կազմին, իրենց անվերապահ մասնակցութեան համար:
Իր քարոզի վերջում, Սրբազան Հայրրը անակնկալօրէն խորանի բեմի մօտ հրաւիրեց իննըսունամեայ Համազասպ Ոսկանեանին, որը առաջին 1954 թւի, առաջին տարւանից սկսեալ մինչեւ այսօր մասնակցում է ուխտագնացութեան, դրա հիմնադիր անդամներից հանդիսանալով: Սրբազան Հայրը այս առիթով յիշատակի մակագրեալ գիրք նւիրեց նրան, քաջառողջ երկարակեցութիւն մաղթելով:
Նոյն պահին, Սրբազան Հայրը բարձր գնահատելով դոկտ. Շերլի Աւետեանի նւիրեալ ծառայութիւնը եւ անմնացորդ սիրով կատարած աշխատանքը Ատրպատականի հայոց թեմի վանքերում եւ եկեղեցիներում, Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան անունից եւ անձնապէս մեծարեց նրան, յիշատակի նւէր յանձնելով, բոլոր հաւատացեալ ուխտաւորների ներկայութեամբ։
Ջրօրհնէք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Նորօրհնեալ Միւռոնով
Ս. պատարագի աւարտին, «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ, թափօրով եւ յատուկ սափորի մէջ դրւած խորան բարձրացւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ձեռամբ նորօրհնեալ Սրբալոյս Միւռոնը, հանդիսաւոր ջրօրհնէքի համար:
Սրբազան Հայրը ստանձնելով գեղակերտ սափորը, «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ այն հեղուց կաթսայի մէջ եւ այնուհետեւ Ս. Թադէոս առաքեալի Աջով, «Ամէն ալէլուիա»-ի կատարման պահին խաչանիշ օրհնեց ջուրը, ի բժշկութիւն բոլոր տեսակի հիւանդութիւնների: Մասնաւոր նկարազարդ բաժակներով, որոնք նւիրաբերւել էին տէր եւ տիկին Ալէն եւ Անի Սայեադեանների միջոցով, օրհնւած ջրից ստացան բոլոր ուխտաւորները:
Երգչախումբը խոր ապրումով հնչեցրեց «Կիլիկիա»-ն, բարեպաշտ ժողովրդի երգակցութեամբ, մինչ սուրբ Աջով գլխաւորւած եկեղեցականաց թափօրը ուղղւեց դէպի շրջափակ եւ ամբողջ տաճարի շուրջը պտտւելով եկաւ առաջնորդական յարկաբաժնի՝ վանահօր սենեակի առջեւ, որտեղ երգչախումբը կատարեց «Հայր Մեր»-ը: Սրբազան Հայրը «Պահպանիչ»-ով օրհնեց ժողովրդին, գնահատական իր խօսքը ուղղեց ազգային իշխանութեան, երգչախմբին, կրտսերաց դպրաց դասին, Խնամակալ մարմինին, ու յատկապէս Վանքերի ուխտագնացութեան գործադիր նորակազմ յանձնախմբին, կատարւած կազմակերպ եւ բծախնդիր աշխատանքի համար:
Ս. Թադէի ուխտագնացութիւնը, շուրջ հինգ հազար ուխտաւորներով, որոնք աշխարհի տարբեր երկրներից էին եկել, այս տարի եւս բացառիկ առիթ հանդիսացաւ մեր ժողովրդի քրիստոնէական հաւատքի վերարթնացման եւ ազգային պատկանելիութեան գիտակցութեան ամրապնդման: