Երեքշաբթի՝ մայիսի 31-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնի սրահում, հանդիսութեամբ եզրափակւեց համայնքի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանի 3-րդ աշխատանքային տարին՝ 2021-2022 ուսումնական տարեշրջանը:
Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գեր. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանը, Կրթական խորհրդի եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան անդամներն ու վարժարանի անձնակազմը, սաներն ու նրանց ծնողները:
Սկզբում բացման խօսքն ասաց Կրթական խորհրդի անդամ եւ «Սրբոց Վարդանանց» վարժարանի տնօրէն Սաթենիկ Աւետումեանը: Նա սկզբում ասաց. «Թէեւ մեր կամքից անկախ հարկադրւած եղանք դասարանները կազմակերպել հեռավար ձեւաչափով, սակայն անձնակազմի ջանադիր աշխատանքի եւ ազգային մարմինների ու ծնողների համագործակցութեան շնորհիւ՝ բոլոր դասարաններում ապահովւեցին կրթութեան ու դաստիարակութեան բարձր մակարդակ»: Տկն. Աւետումեանը նաեւ անդրադառնալով աշակերտներին մատուցւած ազգային-կրօնական դաստիարակութեանը՝ աւելացրեց, թէ լիարժէք հայ սերունդ դաստիարակելը եղել է դպրոցի գերագոյն նպատակը:
Այնուհետեւ դպրոցի վեց սաները հերթաբար ելոյթ ունեցան խօսքերով եւ հայրենիքին ու մայրենի լեզւին ձօնւած բանաստեղծութիւնների արտասանութեամբ՝ հետեւեալ կարգով.
Աննա Շահբազեան՝ առաջին դասարան.
Անի Խոսրովեան եւ Ամարաս Թէյմուրեան՝ երրորդ դասարան.
Աննա Թորոսեան, Մելւին Մարկոսեան եւ Նարեկ Թորոսեան՝ հինգերորդ դասարան:
Յաջորդիւ Սրբազան հօր, քահանայ հօր, Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, համայնքի վարչութեան անդամ Վիոլետ Թորոսեանի ու վարժարանի տնօրէնի եւ ուսուցիչների միջոցով սաների վկայագրերը, գնահատագրերն ու նւէրները յանձնւեցին իրենց:
Պաշտօնական բաժնի աւարտին գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա անդրադառնալով աշակերտական ելոյթների շարանում հնչած խօսքերին՝ Մեսրոպ Մաշտոցի միջոցով տառերի գիւտին եւ Վիկտոր Համբարձումեանի կտակին՝ այսպէս աւելացրեց. «Կարեւոր չէ մենք ինչքանով ենք յաջողել կամ որտեղ ենք հասել, կարեւորն այն է, որ ինչ ճանապարհ ենք գծում այս աշակերտների համար, որպէսզի նրանք այնքան առաւել հեշտ ընթանան իրենց կեանքի ճանապարհում եւ ապագայում մեզանից աւելի առաջ անցնելով, մեզանից աւելի լաւը լինեն: Եւ դա կը լինի մեր կրթա-դաստիարակչութեան առաքելութեան մեծագոյն յաջողութիւնը»: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին շնորհակալական խօսք ասաց ազգային մարմիններին՝ ի մասնաւորի Կրթական խորհրդին, դպրոցի տնօրէնութեանն ու անձնակազմին՝ անձնազոհաբար աշխատանքի լծւելու համար:
Յատկանշական է, որ պաշտօնական բաժնի աւարտին՝ հիւրասիրութեան ժամանակ, ներկաները՝ սկսած ազգային մարմինների ներկայացուցիչներից մինչեւ ծնողները, արտայայտեցին իրենց սրտի խօսքը:
Թղթակից (Նոր Ջուղա)