Չորեքշաբթի՝ մայիսի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ամենափրկիչ» վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:
Օրւայ քարոզում պատարագիչ Սրբազան Հայրը նշեց, որ այս օրւանից ուղիղ 25 տարի առաջ, Անթիլիասի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» մայր տաճարի Ս. խորանի առջեւ իբրեւ սարկաւագ ծնկի է եկել եւ իբրեւ կուսակրօն ձեռնադրւել, ուխտելով իր վրայ վերցնել Քրիստոսի քաղցր լուծը: Նա աւելացրեց, թէ հայ ժողովրդի համար այս օրհասական օրերին, չցանկանալով իր ձեռնադրութեան 25-ամեակը նշել հանդիսութեամբ եւ ճոխութեան ներքոյ, գերադասել է այս առիթով մատուցել Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին աղօթեց առ Աստւած, որպէսզի Բարձրեալն օրհնի հայ ժողովրդին՝ սկսեալ Հայաստանից ու Արցախից մինչեւ Սփիւռքի զանազան համայնքներ՝ պարգեւելով խաղաղութիւն, բարեբեր կեանք եւ պայծառ ապագայ:
Պատարագին ներկայ էին թեմի ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Թղթակից (Նոր Ջուղա)