Փետրւարի 14-ին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` 40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնը:

Տեառնընդառաջի տօնի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Ստե­փա­նոս», «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Մինաս» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» ‏‏‏եկե­ղե­ցի­նե­րում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց նախատօնակ՝ աւետելով Տէրունի տօնի սկիզբը, ապա տարւայ առաջին Անդաստանի արարողութիւնը, մանուկների տաճար ընծայում, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի հրավառութիւն:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ընթացքում ներկայ հաւատացեալներին իր հայրական պատգամը փոխանցեց Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա նշեց, թէ Նոր Կտակարանի համաձայն, Քրիստոսի՝ Աստւածորդու եկեղեցին հիմնած ժողովուրդը Աստծու կողմից ընտրւած ժողովուրդն է, այդ իմաստով հայ ազգը, առաջինն ընդունելով Քրիստոնէութիւնը եւ կառուցելով եկեղեցիներ, համարւում է Աստծու ընտրեալը:

Սրբազան Հայրը անդրադառնալով այս տարւայ Ս. Սարգսի եւ Տեառընդառաջի տօների թւականին եւ մէկ օրեայ տարբերութեանը, ասաց. «Այս երկու տօները, իրար շատ մօտիկ եւ զուգորդւած  են, եւ այս իմաստով կարծես թէ մեր երկնաւոր հայրը՝ Աստւած, փրկութեան ճանապարհ եւ ելք ցոյց տալով մեր ազգին ու ժողովրդին, խօսեցնել է տւել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետին եւ նա Ս. Սարգիս զօարավարի տօնը, պաշտօնապէս յայտարարել է, որպէս երիտասարդների օրհնութեան օր»:

«Երիտասարդ-ուհիների ամենամեծ դերակատարութիւնն է գտնել իրենց կեանքի ընկերոջը, հիմնել հայկական պատւական ընտանիքներ եւ ունենան բազմաթիւ զաւակներ: Այս է մեր ազգի գոյատեւման եւ հայրենիքի ապահովութեան երաշխիքը», յաւելեց նա:

Սրբազան Հայրը մաղթեց, որ Սուրբ Սարգսի օրհնութեամբ ամուրի երիտասարդները սիրահարւեն եւ սիրով ու յարգանքով կազմեն ամուր հիմքերի վրայ հայկական սուրբ օջախներ:

Աւարտին բոլորը համախմբւեցին եկեղեցու բակում, ուր Սրբազան Հօր եւ պատկան թաղի նորապսակ զոյգերի միջոցով, Եկեղեցու Ս. Խորանից վառւած կրակով բոցավառւեց աւանդական խարույկը` որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ:

Յատկնշական է, որ նկատի առնելով հակահամաճարակային կանոնները, սոյն արարողութիւնը տեղի ունեցաւ դռնփակ: Բացառաբար թոյլատրւել էր նորապսակների, նորածինների եւ նրանց ծնողների ու անմիջական հարազատների ներկայութիւնը:


Թղթակից (Նոր Ջուղա)