Շաբաթ՝ 2022 թւականի յունւարի 1-ին, Ամանորի առթիւ Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի:
Ընթացքում պատարագիչ Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Ամանորեայ պատգամը, որտեղ շնորհազարդ Հայրապետը շնորհաւորանքի խօսք ուղղելով տօնի առիթով, անդրադառնալով Սփիւռքի զանազան համայնքներոմ առկայ դժւարութիւններին՝ նշել էր, որ 2022 թւականը հռչակել է Սփիւռքի տարի եւ հրաւիրում է բոլոր կառոյցներին, մտաւորականներին եւ գաղութներին, նախ ինքնարժեւորման ենթարկելու, ապա վերակազմակերպման առաջնորդելու Սփիւռքը:
Պատգամի շարունակութեան մէջ անդրադարձ կատարելով նաեւ Հայաստանին՝ ընդգծել էր. «Այո՛, մենք փոքր երկիր ենք. հարկ է իրատես մօտեցում ունենալ տարածաշրջանի ներկայ աշխարհաքաղաքական պայմանների հոլովոյթի նկատմամբ: Սակայն, այդ չի նշանակում, որ Հայաստանը ասելիք պիտի չունենայ իր ազգային շահերին առնչւած եւ իր ներկան ու ապագան ճշտող խնդիրների գծով: Այո՛, տարածաշրջանում համապարփակ ու մնայուն խաղաղութեան հաստատմանը համաձայն ենք. բայց ո՛չ պարտւողական ու զիջողական դիրքերից: Այո՛, տարածաշրջանում տնտեսական զարգացումներին նպաստող ծրագրերին համաձայն ենք. բայց ո՛չ ի հեճուկս Հայաստանի ու Արցախի գերիշխանութեան, անկախութեան, անվտանգութեան ու հողային ամբողջականութեան»:
Վեհափառ Հայրապետն իր Ամանորեայ պատգամն աւարտել էր հետեւեալ յորդորով. «Համահայկական պայքարը պէ՛տք է շարունակւի՝ հայոց բանակը վերակազմակերպելով ու այն արդիական զէնքերով օժտելով, մեր սահմանները պաշտպանելով, ի պահանջել հարկին՝ ժողովրդային դիմադրութեան դիմելով, մարտունակ ոգով բանակցութիւններ վարելով եւ համախմբւելով հայրենիքի գերագոյն ու ընդհանրական շահերի շուրջ»:
Յաջորդիւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր տօնական շնորհաւորանքներն ու բարի մաղթանքներն ուղղեց բոլորին:
Ս. Պատարագին ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Թղթակից (Նոր Ջուղա)