Երեքշաբթի՝ նոյեմբերի 30-ի երեկոյեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում արժ. հայրեր Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանի եւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով հոգեհանգստեան արարողութիւն իրականացւեց՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան ննջեցեալ անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:
Այնուհետեւ կից սրահում յոբելեանական միջոցառմամբ նշւեց միութեան հիմնադրման 45-ամեակը:
Երեկոն սկիզբ առաւ մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ ի յիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմում զոհւած հայորդիների: Այնուհետեւ յոբելեար միութեան վարչութեան նախագահ Անահիտ Մկրտչեանն արտայայտւեց բարի գալստեան խօսքով եւ միութեանը ձօնւած բանաստեղծութեամբ, ապա պատմական ակնարկ կատարեց միութեան անցեալին՝ սկսած հիմնարդման թւականից՝ 1976-ից, մինչեւ այսօր: Նա ներկայացրեց նաեւ միութեան նպատակն ու գործունէութիւնը, որոնք են՝ համայնքի եկեղեցու բարեզարդման եւ գոյքերի մաքրման աշխատանքները, կրօնական եւ աւանդական տօների նշումը, մոմերի վաճառքը եւ կենցաղային ոչ-բարենպաստ պայմաններում յայտնւած անհատներին օժանդակելը:
Ծրագրի յաջորդ բաժնում արտայայտւեց Կրօնական խորհրդի անդամ արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Գալստանեանը, ով իր խօսքն սկսեց շնորհաւորանքի մաղթանքներով: Քահանայ հայրը բարձր գնահատելով միութենականների նւիրական աշխատանքը, առաւել բեղմնաւոր գործունէութիւն մաղթեց նրանց: Նա մատնանշելով, որ վերջերս միութիւնն անցել է թեմի Կրօնական խորհրդի հսկողութեան ներքոյ՝ յոյս յայտնեց, թէ միասնական ուժերի եւ համագործակցութեան շնորհիւ առաւել դիւրին են ընթանալու աշխատանքների իրագործումը:
Յատւեց օրւայ առթիւ պատրաստւած տորթը միութեան աւագ անդամուհիներ՝ Նւարդ Փանոսեանի, Վարդուշ Հախնազարեանի եւ Յասմիկ Փանոսեանի միջոցով:
Շարունակութեան մէջ արտայայտւեցին նաեւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամ Վալենտին Թորոսեանը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան ներկայացուցիչ Վարդուհի Պօղոսեանը, թեմի Հաշւեքննիչ մարմնի անդամ Վրթանէս Մկրտչեանը եւ Շահինշահրի հայ համայնքի ծխատէր Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:
Վալենտին Թորոսեանը շնորհաւորելով առիթի կապակցութեամբ, ուժ ու կորով մաղթեց միութենականներին իրենց ազգանւէր աշխատանքում՝ ի մասնաւորի եկեղեցին բարեզարդ վիճակում պահելու դժւարին գործում:
Վարդուհի Պօղոսեանն ընդգծեց անդամուհիների կարգապահ եւ պարտաճանաչ կեցւածքն իրենց անձնական կեանքում եւ միութենական աշխատանքներում, ապա նրանց աշխատանքներից եւ ձեռնարկներից ստացած իր դրական տպաւորութիւններով կիսւեց ներկաների հետ եւ յաջողութիւն մաղթեց բոլորին:
Վրթանէս Մկրտչեանը շեշտեց, եթէ միութիւնը 45 տարիներ անց կանգուն է եւ գտնւում է ծաղկուն վիճակում, դա տեղի է ունեցել միայն իր անդամուհիների խոհեմութեան, միասնութեան եւ միակամութեան շնորհիւ: Նա նշելով, որ իւրաքանչիւր ամեակի տօնակատարութեան խորքում արտացոլւում է միութեան անցեալը, ներկան եւ ապագան, յիշեց միութեան հիմնադիրներին եւ առ յաւէտ հեռացած անդամուհիներին, գնահատեց միութեան ներկայ գործունէութիւնը եւ առաւել բեղմնաւոր աշխատանքներ մաղթեց ապագայի համար:
Արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ասաց. «Երբ Յովհաննէս առաքեալին հարցնում են, թէ ինչո՞ւ ես միշտ սիրոյ մասին քարոզում, նա պատասխանում է, եթէ բոլորը հասկանան սիրոյ արժէքը, այլեւս կարիք չկայ որեւէ այլ բանի մասին խօսել եւ նոյն այդ սէրը Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հիմնադրման հիմքն է հանդիսացել»: Նա բարձր գնահատելով միութեան սերտ համագործակցութիւնը Շահինշահրի եկեղեցական դասի հետ, ի սրտէ շնորհաւորեց առիթի կապակցութեամբ եւ ցանկացաւ Աստւած անդամուհիներին առաւել զօրութիւն պարգեւի իրենց նւիրական առաքելութեան ճանապարհին:
Ընթացքում հնչեցին երգերի մենակատարումներ՝ ներկաների միջոցով:
Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան եւ Շահինշահրի «Նարեկ» հոգեւոր երգչախմբի ներկայացուցիչներն ու յոբելեար միութեան անդամուհիները:
Թղթակից (Նոր Ջուղա)