Հինգշաբթի, նոյեմբերի 25-ին, մէկ տարի անց, բացումը կատարւեց Իրանի 52-րդ Համահայկական խաղերի: Այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։
Իրանահայ համայնքի թւով 8 միութիւնների մասնակցութեամբ նոր շունչ են ստանում համայնքի մարզական իրադարձութիւններն ու մրցոյթները:
Բացման արարողակարգը մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան դրօշակակիրների շքերթով, որոնց ձեռամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնի ներքոյ բարձրացւեց Իրանի Իսլ. Հանրապետութեան դրօշը:
«Սասունցի Դաւիթ» դահլիճում ներկայ հրաւիրեալները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին 44-օրեայ հերոսամարտի, ինչպէս նաեւ պանդեմիային զոհ գնացածների յիշատակը:
Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան խօսքն ընթերցելով Արտոյտ Զոհրաբեանը բացւած յայտարարեց 52-րդ Համահայկական խաղերը, որից անմիջապէս յետոյ «Արարատ»-ի սկաուտների ուղեկցութեամբ, որոնք կրում էին իւրաքանչիւր միութեան ցուցանակը տեղի ունեցաւ մարզիկների շքերթը:
«Այս տարի նւրիւած լինելով իրենց անձնազոհութեամբ պանդեմիայի դէմ պայքարում ժողովրդի կողքին կանգնած բժշկական ընտանիքին, փորձեց նւազագոյն չափով երախտագիտական դրսեւորում ցուցաբերել բուժանձնակազմին»,- բացման հանդիսութեանը նշեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը:
Համահայկական խաղերի ջահակիր խումբը դոկտ. Սեւակ Հաթամեանի գլխաւորութեամբ, ով որպէս Իրանի Իսլ. Հանրապետութեան բուժանձնակազմի ներկայացուցիչ է, նախ մուտք գործելով «Սասունցի Դաւիթ» սրահ, որտեղ տեղի էր ունենում հանդիսաւոր բացման արարողութիւնը, պատւոյ շրջավազք կատարեց, ապա ջահը տեղափոխեց Համահայկական խաղերը խորհրդանշող օլիմպիական թաս, որտեղ էլ բոցավառւեց 52-րդ Համահայկական խաղերի կրակը:
52-րդ Համահայկական խաղերին մասնակցող միւթիւններ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի եւ Հ.Մ.Ա.Կ-ի Թաւրիզի մասնաճիւղերի Նոր Ջուղայի, եւ թեհրանահայ Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սարդարապատ», Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիր, եւ Հայ Բարեգործական ընդհանուր միութիւնների մարզիկները կողք-կողքի Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան մասնակիցների հետ մրցելու են ֆուտզալի, բասկետբոլի եւ սեղանի թենիս մարզաձեւերում:
«Արարատ»-ի Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանը պատասխանելով թերթիս լրագրողին նշեց, որ մասնակցութեան յայտ ներկայացրած միութիւններն ներկայացրել են նշւած մարզաձեւերում, սակայն սրանով չի սահմանափակւելու Համահայկական խաղերի 52-րդ շրջանի մարզաձեւերը, քանի որ ընթացքում կազմակերպւած մրցոյթները նոյնպէս տեղի են ունենալու Համահայկականի հովանու ներքոյ: Նա որպէս օրինակ նշեց, որ «Սիփան» միւութեան կողմից արդէն իսկ կան ժայռամագլցման մրցոյթին պատրաստ թւով 9 մարզիկ, որոնք կարող են «Արարատ»-ի ժայռամագլցման թիմի հետ մաս կազմել համապատասխան մրցոյթին: Նոյնը կարելի է կազմակերպել նաեւ այլ մրցաձեւերի համար,- յաւելեց նա:
Յատկանշական է, որ 52-րդ Համահայկական խաղերի բացման պաշտօնական արարողակարգը տեղի էր ունենում համաճարակային պայմաններին յատուկ սահմանափակումների կիրառմամբ: Արարողակարգին յատուկ հրաւէրով ներկայ էին՝ Թեհրանի հոգեւոր առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգայի-կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս Թովմասեանը, «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի ներկայացուցիչներ, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի պատւոյ անդամներից՝ Ալֆրէդ Հաւանը, ազգ. միութիւնների եւ կենտրոնների ներկայացուցիչներ:
Մինչեւ ջահակիր խմբի ժամանումը դահլիճի էկրանից ցուցադրւեց դոկտ. Սեւակ Հաթամեանի ուղերձը, որով նա պանդեմիայի շրջանում Համահայկական խաղեր կազմակերպելու կարեւորութիւնը փոխկապակցւած էր տեսնում վերջին շրջանում, ի մասնաւորի՝ Արցախեան 44-օրեայից յետոյ եւ պանդեմիայի շրջանում կրած հոգեկան ծանր ապրումների ու դրանց ազդեցութիւնից ազատւելու մէջ: Նա յաւելեց, որ որպէս Իրանի բուժանձնակազմի ընտանիքի ներկայացուցիչ, շնորհակալական խօսք ունի ասելու համահայկականի կազմակերպիչներին, խաղերի 52-րդ շրջանը բժշկական ընտանիքին նւիրելու կապակցութեամբ:
Արարողութեան ընթացքում, ելոյթ ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը, ով խաղերի անցկացման համար շնորհակալութիւն յայտնեց ազգ. միութիւններին համագործակցելու եւ առաջարկն ընդառաջելու համար եւ նշեց, որ խաղերի անցկացումը կարեւոր է նաեւ համայնքի երիտասարդութեանը ոգեւորելու եւ նոր եռանդ ներշնչելու առումով:
Համահայկական խաղերի անցկացումով երաշխաւորւելու է նաեւ Հայաստանի Համահայկական խաղերին մասնակցելու առիթը, որով համայն հայութիւնը միասնական ուժերով կը փորձի թօթափել մասամբ անբերանպաստ վիճակում յայտնւած հոգեվիճակը:
Հենրիկ Խալոյեանը յիշեցրեց Համահայկական խաղերի նախորդ դէպքերի մասին, որոնք խաղերի չեղարկման պատճառ էին դարձել, իսկ այս անգամ կորոնավիրուսով պայմանաւորւած արգելափակումները, որը մէկ շրջան դադարի պատճառ դարձաւ: «Իսկ այդ խնդիրները մեզ ոչ թէ տկարացնում՝ այլ հզօրացնում են, որպէսզի գիտակցելով պահի կարեւորութիւնը նոր մտքերով ու փորձով կեանքի կոչենք անհրաժեշտ ծրագրերը»,- յաւելեց նա:
Խորհրդարանում իրանահայ պատգամաւորներից Արա Շահվերդեանը նոյնպէս կարեւորելով Համահայկական խաղերի անցկացումն, իր ելոյթում նշեց, որ «Արարատ»-ը մեծ դեր է ունեցել իրանահայ մատաղ սերնդին նոր լիցքերով ապահովելու եւ նրան ապագայի հանդէպ յուսառատ դարձնելու գործում եւ գնահատելի է, երբ այս անգամ եւս, երբ երկիրը երկարատեւ արգելափակումների ու պասիւութեան բեռն է թօթափում դարձեալ «Արարատ»-ն այս կարեւոր առաքելութիւնն իր վրայ վերցնելով, միւս միութիւնների աջակցութեամբ փորձում է նոր շունչ հաղորդել համայնքի երիտասարդութեանը:
Յաջորդիւ եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ համայնքիս հոգեւոր առաջնորդը: Սրբազան Հայրը նախ շնորհաւորեց համայնքին նման իրադարձութիւն ծրագրելու համար, յատկապէս այն ժամանակաշրջանում, երբ համայն հայութիւնը ցաւ ապրեց Արցախեան 44-օրեայ արհաւիրքի համար: «Այս խնդիրը շարունակեց հայ ժողովրդին ցաւեցնել, երբ Հայաստանի գործող իշխանութիւնը սկսեց հայկական հող չհամարել պատմական Արցախի տարածքները: Ցաւն առաւել խոցելի դարձրեց, երբ ոմն պատգամաւոր Ազգային ժողովի ատեանից յայտարարեց, որ Քարվաճառը հայկական չէ: Գուցէ ոմանց անհասկանալի թւայ, թէ ես այսօր ինչու եմ խօսում այս մասին, յատկապէս երբ Համահայկական խաղերի բացման հանդիսութիւնն է: Նրանց կը պատասխանեմ, որ հայ ժողովրդի միասնութեանը աջակցող իւրաքանչիւր միջոցառման ու նախագծին պէտք է յուզի այդ միասնութիւնն ու Հայրենիքին վտանգող գաղափարներն ու միտքը»:
Սրաբազան Հայրը մարզիկներին մարզական ոգով ու արժանապատւութեամբ պայքար մաղթելով օրհնեց լսարանը:
Յիշեցնենք, որ խաղերի ջահի արարողակարգին յաջորդեց մարզիկների երդման խօսքը, որն ընթերցւեց Անայիս Խուդավերդեանի միջոցով:
Ծրագրի գեղարւեստական բաժնում երգային եւ ասմունքային կատարումներով բեմ բարձրացան Էդօ Դաւթեան-Մոնիկա Միրզախանեան երաժշտական զոյգը, եւ ասմունքողներ՝ Նոյ Նազարեանը եւ Վանէ Տէր-Ղազարեանը՝ Գէորգ Էմինի «Մենք» ստեղծագործութեամբ:
Յաջորդիւ Ալէն Սարգսեանի եւ Էդօ Դաւթեանի մեներգային կատարումներով շարունակւեց ծրագիրը:
Տպաւորիչ էր «Արարատ» երգչախմբի ներկայացրած «Արցախ» համարը՝ նւիրւած Արցախեան 44-օրեայի հերոսններին, որը համաճարակի բերումով նախօրօք տեսագրւել եւ ցուցադրւեց համապատասխան տեսանիւթի հետ միասին:
Իր հմուտ կատարումով աչքի ընկաւ «Արարատ» պարախումբը, որը կատարեց «Վասպուրական» պարային համարը: