Երկուշաբթի՝ 2021 թւականի յուլիսի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան հրաւէրով նշւած միութեան յարկի ներքոյ հիւրընկալւեցին աշխատանքային այցով Սպահան ժամանած՝ Հայաստանի «Փիւնիկ» ֆուտբոլի ակումբի տնօրէնների խորհրդի նախագահ Արթուր Սողոմոնեանն ու նոյն ակումբի գլխաւոր տնօրէն Կիմ Առաքելեանը՝ ընկերակցութեամբ «Սեփահան» ֆուտբոլի ակումբի անցած տարիների մարզիկ Լեւոն Ստեփանեանի:

Յատկանշական է, որ «Փիւնիկ»-ի ներկայացուցիչները Սպահան են ժամանել «Սեփահան» ֆուտբոլի ակումբի հետ քոյր թիմերի պայմանագիր կնքելու նպատակով:

Սկզբում հիւրերին միութեան գլխաւոր մուտքի մօտ դիմաւորեցին Կենտ. վարչութեան անդամներ՝ նախագահ Ժորժ Ղազարեանը, Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը եւ Վարուժ Իսաղուլեանը, որից յետոյ հանդիպում տեղի ունեցաւ նշւած վարչութեան գրասենեակում:

Ընթացքում արտայայտւեց Ժորժ Ղազարեանը, ով իր խօսքն սկսեց բարի գալստեան մաղթանքներով, ապա բացատրութեամբ հանդէս եկաւ այս բազմամեայ միութեան միաւորների աշխատանքների՝ ի մասնաւորի Մարզական միաւորի մասին: Այնուհետեւ նա եւ Լեւոն Ստեփանեանը մատնանշեցին Իրանի ակումբների եւ Համահայկական խաղերի շրջագծում «Արարատ»-ի մարզական խմբերի յաջողութիւնները, ինչպէս նաեւ պատկան մարզիկների ձեռքբերումները Իրանի զանազան հաւաքականների կազմում՝ Ասիայի ու միջազգային մրցաշարերի եւ օլիմպիական խաղերի մակարդակներում:

Արթուր Սողոմոնեանը գնահատեց միութեան յարկի ներքոյ կազմակերպւող  բազմատեսակ աշխատանքները, ապա անդրադառնալով իրենց եւ «Սեփահան»-ի միջեւ կնքւած պայմանագրին եւ այդ շրջագծում ապագայում Սպահան քաղաք կատարւող իրենց այցելութիւններին, յոյս յայտնեց, որ յաճախակի կը դառնան նաեւ «Արարատ» միութեան պատասխանատուների հետ հանդիպումները:

Հանդիպման աւարտին «Փիւնիկ»-ի ներկայացուցիչներին նւիրւեցին՝ «Արարատ»  միութեան 60-ամեակի առիթով պատրաստւած յուշանւէրը, Իրանահայ անւանի մարզիկների մասին Ալֆրէդ Հաւանի հեղինակած գիրքը եւ միութեան ֆուտբոլի խմբի մարզաշապիկը:

Յաջորդիւ հիւրընկալի ուղեկցութեամբ հիւրերը նախ այցելեցին միութեան կենտրոնական դահլիճ, ապա Մարզական միաւորի գրասենեակ, որտեղ դիտեցին մարզական խմբերի տարիների նւաճած յաջողութիւնների գաւաթներն ու վկայագրերը: Յետնաբակի ֆուտբոլի դաշտում նրանք հանդիպեցին ֆուտբոլի խմբի անդամներին՝ իրենց մարզումների ժամանակ եւ Ֆուտբոլի յանձնախմբի անդամներ՝ Յովիկ Աւետեանին ու Արմէն Ազարանգին:

Միութեան բասկետբոլի սրահում՝ ականատեսը եղան բասկետբոլի խմբի մարզումների, իսկ որպէս այցելութեան վերջին հանգրւան՝ հիւրերը ծանօթացան բիլիարդի սրահի հնարաւորութիւններին:

Յատկանշական է, որ այցելուների կողմից երկու ֆուտբոլի գնդակներ են նւիրւել «Արարատ»-ին, որոնցից մէկի վրայ դաճւած են մի շարք անւանի մարզիկների ստորագրութիւններ, այդ թւում նաեւ Հենրիկ Մխիթարեանինը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)