Ուրբաթ՝ 2021 թւականի յուլիսի 23-ին, Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների շրջագծում կայացան Նոր Ջուղայի ընտրատարածքի ընտրութիւնները, Նոր Ջուղայի հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ հայոց ազգ. «Արմէն» դպրոցի շրջափակերում նախատեսւած ընտրատեղամասերում:
Աշխատանքի ընթացքին մօտիկից ծանօթանալու նպատակով՝ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ ատենապետ Վարուժ Մինասեանի, Վահիկ Թորոսեանի եւ Ժորժ Ղազարեանի ընկերակցութեամբ, առաւօտեան այցելեց վերոնշեալ ընտրատեղամասեր:
Աւելի ուշ նշւած վայրեր այցելեցին նաեւ գաւառապետարանի եւ ապահովական ուժերի ներկայացուցիչները:
«Արմէն» դպրոցի քւէատուփը կէսօրին, շուրջ մէկ ժամով տեղափոխւեց հայոց ազգ. ծերանոց, որտեղ քւէրակեցին նաեւ նշւած կենտրոնի տարեց բնակիչները:
Յատկանշական է, որ այս ծիրում Շահինշահրի եւ Փերիոյ շրջանի ընտրատարածքների ընտրութիւնները կայացել են թւականիս յունիսի 25-ին:
Նոր Ջուղայի ընտրութիւնների համար 14 անձինք առաջադրել են իրենց թեկնածութիւնը, որոնցից առաւելագոյն ձայներ հաւաքած 12-ը կը ստանան պատգամաւորութեան մանդատ:
Արդիւնքի մասին իրազեկումները կը կատարւեն յաջորդիւ:
Թղթակից (Նոր Ջուղա)