Ուրբաթ՝ 2021 թւականի յունիսի 25-ին, Սպահանի հայոց թեմի երկու ընտրատարածքներում՝ Շահինշահրում եւ Փերիայում, կայացան թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները։ Նոր Ջուղայի ընտրութիւնները գաւառապետարանի կողմից յետաձգւեցին երկու շաբաթով։

Շահինշահրում առաջինը քւէարկեց համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, իսկ աւելի ուշ այս ընտրատարածք այցելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը՝ կատարւող աշխատանքին մօտիկից ծանօթանալու նպատակով։

Թեմական խորհրդի անդամ եւ նոյն մարմնի կողմից շրջանների Ընտրական յանձնախմբերի հետ կապ Վահիկ Թորոսեանը նաեւ ներկայ գտնւելով Շահինշահրի ընտրատեղամասում, հետամուտ եղաւ աշխատանքների ընթացքին։

Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների արդիւնքում Շահինշահրից ընտրւել են Մելքոն Շիրւանեանը, Մառիտա Քեշիշեանն ու Գեւիկ Խաչատրեանը, իսկ Փերիոյ շրջանից՝ Ջանի Նազարեանը։

Հարկ է նշել, որ Պատգ. Ժողովի ընտրութիւններին զուգահեռ Շահինշահրում, ժողովուրդը նաեւ քւէարկեց հայ համայնքի վարչութեան ընտրութեան համար, որի արդիւնքում ընտրւեցին՝ Ռաֆիկ Բաբումեանը, Արին Խուդաբախշեանը, Գառնիկ Միրզախանեանը, Եղիշ Աղախանեանն ու Վալենտինա Թորոսեանը։

 

Թղթակից (Նոր Ջուղա)