Մայիսի 18-ին, Թանգարանների համաշխարհային օրւայ առթիւ, հրապարակւեց Իրանի լաւագոյն թանգարանի 13-րդ մրցութային միջոցառման արդիւնքը, որտեղ Ս. Ամենափրկիչ վանքի Նոր Ջուղայի Հայոց Ազգագրական թանգարանն ութ առանձին չափորոշիչներում զբաղեցրեց առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը: Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Իրանի գրասենեակի նախաձեռնութեամբ երկրում գործող թանգարանների միջեւ անցկացւած վերոնշեալ մրցոյթին այս տարի մասնակցել էին 110 պետական եւ մասնաւոր թանգարաններ, ճշտւած 13 չափորոշիչների շրջանակում:
Թանգարանները հնարաւորութիւն ունէին մասնակցելու բոլոր կամ միայն իրենց նախընտրած բաժիններում՝ ներկայացնելով համապատասխան տւեալները: Զանազան ցուցիչների ներքոյ ստացւած յայտերը գնահատւել են առանձնաբար:
Նոր Ջուղայի Հայոց Ազգագրական թանգարանը 12 չափորոշիչներում իր տւեալները ներկայացնելով՝ արժանացել է չորս առաջին, երեք երկրորդ եւ մէկ երրորդ կարգի գնահատագրերի։ Ստորեւ ներկայացնում ենք թանգարանի նւաճած կարգերն ըստ սահմանւած չափորոշիչների.
Առաջին կարգ՝ ա.տեխնիկական ստանդարտներ եւ ֆիզիկական զարգացում, բ.ստեղծարարութիւն եւ նորարարութիւն գ.թանգարանի ծանօթացում եւ դ.թանգարանի նմուշների հաւաքագրում.
Երկրորդ՝ ա.հաշմանդամների համար ստեղծած յարմարութիւններ, բ.նմուշների պահպանութիւն ու պաշտպանութիւն եւ գ.ճանաչողական գործօն.
Երրորդ՝ հետազօտական բաժին:
Յատկանշական է, որ Ազգագրական թանգարանի մասնակցութեան յայտում սպառիչ լուսաբանութեամբ ներկայացւել էին պատկան բաժնի գործունէութեան կապակցութեամբ տւեալները, որոնց շարքում յատկապէս աչքի էին ընկնում՝ տեխնիկական ստանդարտներ բաժնում ներկայացւած շէնքի մասնագիտական վերանորոգումն ու ճարտարապետական եւ ներքին դասաւորութիւնների իմաստով կիրառւած վերջին ստանդարտներն ու նորարարութիւնները, ճանաչողական բաժնում արտացոլւած հանրային եւ մասնագիտական նշանակութեամբ դասընթացներն ու միջոցառումները, նմուշների հաւաքագրման ուղղութեամբ գործունէութիւնը, գոյքերի վերանորոգման, ախտահանման եւ պահպանման համար կատարւած գեր-մասնագիտական աշխատանքները, այցելուների հետաքրքրութիւնը գրաւելու ուղղութեամբ կիրառւած նորարարութիւնները, մանկա-պատանեկան հետաքրքրաշարժ այցելութիւնների կազմակերպումը եւ այլն:
Յիշեցնենք, որ վերոնշեալ թանգարանը հիմնադրւել է Սպահանի հայոց թեմի հերթական Պատգ. Ժողովների որոշման հիմամբ՝ Թեմական խորհրդի նախկին ու ներկայի կազմերի հետեւողական աշխատանքների շնորհիւ: Այս թանգարանում, որի դռները հանրութեան առջեւ բացւել են 2019-ի մարտի 20-ին, ցուցադրւել են Հին Ջուղայի կործանման եւ Նոր Ջուղայի հիմնադրման պատմութիւնները, վաճառականութիւնը, արհեստը, արւեստը, ընտանիքը, նրբագեղութիւնը, կեանքը, հաւատքն ու դպրոցը ներկայացնող եզակի նմուշներ:
Վերջում աւելացնենք նաեւ, որ Իրանում ԻԿՈՄ-ի տնօրէն պրն. Թաբաթաբային, Թանգարանների համաշխարհային օրւայ առիթով իր պատգամում յատուկ գնահատանքի խօսք է ուղղել թեմի Թեմական խորհրդին՝ շուրջ երկու ամիս առաջ հայկական երաժշտութիւնն ու իրանահայ երաժիշտներին առաւել ծանօթացնելու նպատակով հիմնադրած Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի կապակցութեամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)