Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան միջոցով 2021 թւականի մարտին եւ ապրիլին իրականացւել են մի շարք աշխատանքներ, որոնց ստորեւ անդրադառնում ենք.

Մարտի 12-ին, Ուսանողական միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ, միութեան կենտրոնական սրահում կազմակերպւել էր հանդիպում, որին հրաւիրւել եւ ներկայ էին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի նորամուտ հայ ուսանողները` զանազան մակարդակներում:  Միջոցառմանը ներկայ էին նաեւ միութեան Կենտ. վարչութեան անդամներ՝ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանն ու Արմէն Ալեքսանդրեանը:

Միաւորի վարչութեան անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Մենուա Յովսէփեանը, ապա Կենտ. վարչութեան խօսքն ասաց Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, որտեղ շնորհաւորելով հրաւիրեալ ուսանողների յաջողութիւնների առթիւ, կարեւորեց Ուսանողական միաւորի դերակատարութիւնը հասարակական կեանքում:

Շարունակութեան մէջ միաւորի վարչութեան նախագահ Ռուբէն Խոսրովեանն ու համալսարանական զանազան ճիւղերում բարձրագոյն կրթութիւնը շարունակող մի շարք ուսանողներ ելոյթ ունեցան իրենց փորձառութիւնների ու գիտելիքների շուրջ:

Վերջում Կենտ. վարչութեան եւ միաւորի վարչութեան կողմից գնահատագրեր եւ նւէրներ շնորհւեցին անցնող երկու տարիների նորամուտ ուսանողներին:

Վերոնշեալ ծրագիրը վարեցին Փրենի Ղազարեանն ու Մենուա Յովսէփեանը:

Միութեան Կենտ. վարչութիւնը նկատի առնելով, որ համաճարակի պատճառով այս տարի նոյնպէս հնարաւոր չի լինի «Գարնանային խաղեր» անւան ներքոյ իր մարզական տորնոմենտը կազմակերպել, որոշեց մարտի 21-26-ը, զանազան միջոցառումների իրագործմամբ, խանդավառ եւ աշխոյժ տրամադրութիւն փոխանցել համայնքի ժողովրդին, ի հարկէ առողջապահական նկատառումների խիստ պահպանման ներքոյ:

Այս շրջագծում իրականացւել են հետեւեալը.

Ուսանողական միաւորի համագործակցութեամբ ֆիզիքական եւ մտային խաղ-մրցոյթներ կազմակերպւեցին գարնանային արձակուրդի ընթացքում:

Այս ծիրում, արձակուրդից առաջ, միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանն ու անդամ Անահիտ Սարհադեանը հանդիպում ունեցան քաղաքապետարանի պատասխանատուների հետ, որտեղ համաձայնութիւն կայացաւ այս ուղղութեամբ եւ քաղաքապետարանը յանձն առաւ անվճար կերպով ժամանակաւորապէս միութեանը տրամադրել ֆիզիքական եւ մտային զանազան խաղերի գործիքներ: Գործիքներն ստանալուն պէս բոլորը տեղադրւեցին միութեան յետնաբակի տարածքում եւ Ուսանողական միաւորի անդամները դրանց օգտագործման առնչութեամբ անհրաժեշտ հմտութիւնները ձեռք բերեցին քաղաքապետարանի պատասխանատուների ուսուցման արդիւնքում:

Այս խաղերը մարտի 21-26-ը հասանելի եղան ժողովրդին, իսկ մարտի 26-ի առաւօտեան, դրանցով կազմակերպւեց մրցոյթ, որին մասնակցութիւն ցուցաբերեց համայնքի ժողովուրդը:

Գարնանամուտի ժամանակաշրջանում Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ իրականցւել են հետեւեալ միջոցառումները.

Մարտի 21-ին, բացօդեայ տարածքում, «Դումահ» նւագախմբի կենդանի կատարմամբ իրականացւեց երաժշտական երեկոյ, որտեղ երգեցողութեամբ հանդէս են եկել Վահան Վարդեւանեանն ու Արայիկ Սիմոնեանը՝ նւագակցութեամբ Կարէն Դիլանչեանի, Սերգէյ Փանոսեանի, Շանթ Սարեանի եւ Արայիկ Սիմոնեանի:

Մարտի 22-ի առաւօտեան տեղի ունեցաւ «Գիտունիկի տնակ» մանկական միջոցառումը, ուր երեխաները ծաղկամանների վրայ դաճեցին իրենց գեղեցիկ նկարչութիւնները, ապա զարդարւած ծաղկամանների մէջ ցանեցին ծաղիկներ: Նոյն օրը երեկոյեան միութեան բակում, ժողովրդին ցուցադրւեց տարիների Գարնանային խաղերի լուսանկարներից կազմւած տեսանիւթ, որը պատրաստւել էր «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, նոյն վարչութեան նախագահ Գեւիկ Խաչատրեանի միջոցով:  Այնուհետեւ իրականացւեցին նաեւ մնջախաղի կատարումներ՝ կոմիկ թեմաներով Ռազմիկ Մարկոսեանի, Սարօ Ծառուկեանի եւ Արին Խուդաբախշեանի ներկայացմամբ: Նոյն երեկոյի ընթացքում «Արարատ» միութիւն այցելեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը՝ աշխատանքներին մօտիկից ծանօթանալու եւ կազմակերպիչներին ուժ ու կորով մաղթելու համար:

Մարտի 24-ին, դարձեալ փոքրիկները խանդավառ պահեր ունեցան «Գիտունիկի տնակ» ծրագրում՝ ձեռքի աշխատանքներ պատրաստելով:

Մարտի 25-ի երեկոյեան իրականացաւ երաժշտական երեկոյ, այս անգամ «Նովա» խմբի կատարմամբ: Երգեցողութեամբ հանդէս եկան Վանայ Շիրւանեանը, Հարմա Կարապետեանն ու Վանանդ Իսաղուլեանը, նւագակցութեամբ Շանթ Սարեանի, Սեպուհ Ղուկասեանի, Հարմա Կարապետեանի եւ Անդրէ Պարսամեանի:

Մարզական միաւորը նոյնպէս մասնակից է եղել աշխոյժ մթնոլորտի ստեղծման գործին, կազմակերպելով զանազան մրցոյթներ «Արարատ» միութեան մարզախմբերի մասնակցութեամբ:

Մարտի 21-ի առաւօտեան տեղի են ունեցել սեղանի թենիսի մրցոյթները՝ «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի մարզիկների մասնակցութեամբ:

Մարտի 23 եւ 24-ին իրականացւել են բասկետբոլի, իսկ 24-ից 26-ը ֆուտսալի  մրցոյթներ. ֆուտսալի մրցոյթի դադարի ժամանակ Արամէ Մինասքանեանի կատարմամբ ցուցական բնոյթով իրականացւել են կարատէի քաթա կատարումները:

Յատկանշական է, որ կիրակի՝ մարտի 21-ից սկսեալ մինչեւ ուրբաթ՝ մարտի 26-ը, առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ ուշ երեկոյ աշխատել են միութեան երկու սրճարանները: Առաջին բակի սրճարանը կառավարւել է միութեան Երէցների միաւորի միջոցով, որտեղ մատուցւել են պատառներ, աւանդական ճաշատեսակներ, աղցաններ եւ Պահքի շրջանին յարմար ուտելիքներ:

Ձեւաւորւած աւանդոյթի համաձայն երկար տարիներ է, ինչ Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառումների գեղարւեստական բաժինների իրագործման աշխատանքում իր համագործակցութիւնն ու առանցքային դերակատարութիւնն է ցուցաբերում միութեան Մշակութային միաւորը:

Այս շրջագծում միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ Հայոց ցեղասպանութեան 106-ամեակի առիթով պատրաստւեց գեղարւեստական կատարումներով յագեցած մի տեսանիւթ, որը ցուցադրւեց ոգեկոչման յանձնախմբի սոցցանցային զանազան էջերում: Տեսանիւթում հերթաբար տեղ էին գտել հետեւեալ ելոյթները.

Կոմիտասի «Հով արէք»-ը հնչեց Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի եւ Շահրուզ Բալուչեստանիի ֆլէյտայի նւագակցութեամբ:

Ներսիկ եւ Արաբօ Իսպիրեանների «Պիտ պաշտպանեմ»-ը զուգերգեցին Վանայ Շիրւանեանն ու Հարմա Կարապետեանը, Անդրէ Պարսամեանի դաշնամուրի նւագակցութեամբ:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Ալինա Տէր-Սուքիասեանը, Նազէ Ասատրեանը, Անի Ղազարեանը, Կարէն Խանլարեանը եւ Վանանդ Իսաղուլեանը ասմունքեցին Վազգէն Ովեանի հեղինակած «Պատմիր յուշարձան»-ը: Ասմունքին զուգահեռ ցուցադրւեց նաեւ Քրիստինէ Յակոբեանի մենապարը, Ծիծեռնակաբերդի շրջափակում:

Իսկ վերջում Կաչչլինիի «Աւէ Մարիան»-ն կատարւեց դաշնամուրի, շեփորի եւ երգեհոնի կատարումներով՝ Արբի Բաբումեանի միջոցով:

 

Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝

Ն. Ջ. «Արարատ» Հայ Մ.Մ. միութեան Կենտ. վարչութեան զեկոյցի համաձայն